
2024-ի համեմատ դատարան ուղարկված քրեական վարույթների թիվն աճել է․ ՔԿ
Հաշվետու տարվա ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ընդունվել է 74.893 հաղորդում, որոնցից 57.670-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 17.221-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ ևս 649 վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` ապրիլի 16-ին գումարված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը․ տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Քննչական կոմիտեի նախագահի խոսքով 2025 թվականին քննվել է ընդհանուր 224.444 քրեական վարույթ` նախորդ տարվա 207.132-ի դիմաց:
Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննիչների միջին ծանրաբեռնվածությունն աճել է. 2025 թվականին մեկ քննիչի բաժին է ընկել միջինում 350 քրեական վարույթ` 2024 թվականի 319-ի դիմաց:
Հաշվետու տարվա ընթացքում դատարան է ուղարկվել 15.530 քրեական վարույթ 15.303 անձի վերաբերյալ: Նախորդ տարի դատարան էր ուղարկվել 11.825 վարույթ 12.805 անձի վերաբերյալ: Այսպիսով, դատարան ուղարկված վարույթների թիվն աճել է 2825-ով, իսկ անձանց թիվը` 2728-ով: Մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16.294 անձ` նախորդ տարվա 13.262-ի դիմաց:


