
Ինչպե՞ս սոցցանցերը հնդիկ կինոաստղին դարձրին քաղաքական դեմք․ BBC
Նախկին կինոաստղ, քաղաքական գործիչ Ջոզեֆ Վիջայը, չնայած Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգի ամենաճանաչելի դեմքերից է, վերջերս կայացած նահանգային ընտրությունների համար անձամբ քարոզարշավ անցկացրեց ընդհանուր առմամբ 3 շաբաթից էլ պակաս։ Նա երկու ամսից ավելի ընդմիջում վերցրեց քարոզարշավից, այն բանից հետո, երբ անցյալ տարվա սեպտեմբերին իր հանրահավաքներից մեկի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին։ Այս ամենը, սակայն, նրան չխանգարեց հաղթանակ տանել ընտրություններում․ գրում է BBC-ն։
Նրա ղեկավարած «Տամիլիգա Վետտրի Կաժագամ» (TVK) քաղաքական կուսակցությունը, որը բաղկացած է հիմնականում քաղաքական նորեկներից, ստացավ 108 մանդատ․ նահանգի 234 տեղանոց օրենսդիր ժողովում մեծամասնություն կազմելու համար կուսակցությանն ընդամենը 10 ձայն պակասեց։ Այնուամենայնիվ, կիրակի դերասանը երդում տվեց որպես նահանգի գլխավոր նախարար։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս Վիջայը հաղթեց՝ չնայած քարոզարշավի ժամանակ քիչ տեսանելի լինելուն։ Փորձագետների կարծիքով՝ գաղտնիքը սոցցանցերում է։
Կուլիսներում կուսակցության հազարավոր «սոցցանցային մարտիկներ» անդադար քարոզարշավ են անցկացրել իրենց թեկնածուի օգտին։
«Հավանաբար սրանք Հնդկաստանում առաջին ընտրություններն էին, որոնցում գրեթե ամբողջությամբ հաղթանակ գրանցվեց սոցցանցերի օգնությամբ», – ասում է Բանգալորում բնակվող մեդիա փորձագետ Անուպ Չանդրասեկհարանը։
Նրա խոսքով՝ YouTube-ը, Instagram-ը, Facebook-ը և այլ հարթակներ խելացիորեն օգտագործելով՝ «Վիջայի կողմնակիցները թվային հեղափոխություն արեցին»։
Անցյալ տարի իր ակտիվ քաղաքական քարոզարշավը սկսելուց հետո Վիջայը լրատվամիջոցներին ո՛չ հարցազրույցներ էր տալիս, ո՛չ էլ ելույթներ ունենում մամուլի ասուլիսներում․ նրա հրապարակային ելույթները զգալիորեն ավելի կարճ էին, քան մյուս առաջնորդներինը։ Դրա փոխարեն նա ուղղակիորեն շփվում էր իր կողմնակիցների հետ սոցիալական հարթակներում։ Նրա ելույթները հրապարակվում էին Instagram Reels-ում և YouTube Shorts-ում, այնուհետև տարածվում էին WhatsApp խմբերում և այլ սոցիալական հարթակներում։
Իր ֆիլմերից շատերում Վիջայը մարմնավորել է կերպարի, որը պայքարում է կոռուպցիայի, անարդարության և անհավասարության դեմ։ Նա իրեն ներկայացնում էր որպես սոցիալական արդարության պաշտպան։ Այս ամենի շնորհիվ դերասանը մեծ ժողովրդականություն է վայելում երկրպագուների շրջանում։
Վիջայի ամենամեծ առավելություններից մեկը մոտ 85․000 երկրպագուների բանակն է, որը նա ձևավորել էր կինոարդյունաբերությունում իր 30-ամյա կարիերայի ընթացքում։ Երկու տարի առաջ, երբ նա հիմնադրեց իր կուսակցությունը, նրա հսկայական երկրպագուների բանակը վերածվեց կազմակերպված քաղաքական մեքենայի և առցանց բանակի, որն ակտիվորեն տարածում էր նրա ելույթները։
Նշվում է, որ քաղաքականության մեջ ընտրություններում հաղթելը միայն սկիզբն է․ Վիջայի և նրա «վիրտուալ մարտիկների» համար իրական աշխարհի մարտահրավերները սկսվում են հենց հիմա։


