
Էջմիածնում երեկ կրակոցներ են հնչել․ թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել
Երեկ՝ մայիսի 27-ին, Էջմիածին քաղաքում կրակոցներ էին հնչել, ինչի մասին գրել է shamshyan.com-ը՝ հավելելով, որ մասնակիցներից մեկն իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։
«Կարճ ժամանակում հաստատվել է կրակոցների փաստը ու քրեական ոստիկանները Էջմիածին քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին և 3-րդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի և դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին հայտնաբերել են կրակոցի բազմաթիվ հետքեր։
Արմավիրի քրեական ոստիկանները լուսաբացին հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին, ինչպես նաև՝ հանցագործության գործիք ինքնաձիգը։
Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մեջ շոշափվում էր Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել էր թիրախում։
Բերման ենթարկվածներն են 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյան, 25-ամյա Հակոբ Հակոբյան, 23-ամյա Էդգար Հակոբյան, 28-ամյա Սամվել Ժամկոչյան»,- նշել է լրատվամիջոցը։


