28 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձեցում Եվրոպայի հետ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վնասելու գնով․ EUobserver-ի անդրադարձը

Մերձեցում Եվրոպայի հետ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վնասելու գնով․ EUobserver-ի անդրադարձը

Հայաստանը կարող է շուտով ևս մի քայլ անել դեպի Եվրոպական միության հետ ավելի սերտ կապեր․ գրում է EUobserver-ը։

Մինչ օրս Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը մնում են նշանակալի։ Ռուսաստանում բնակվում է հայկական մեծ սփյուռք․ այնտեղ ապրող հայերի թվաքանակը գրեթե հավասար է բուն Հայաստանում ապրողների թվին։

Մոսկվան նաև շարունակում է ռազմակայան ունենալ երկրում, իսկ Հայաստանի տնտեսությունը մնում է խիստ կախված Ռուսաստանից։ Եվ այնուամենայնիվ, Երևանն ավելի ու ավելի է հեռանում Մոսկվայից և մերձենում Բրյուսելին։

Անցյալ տարի Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու հնարավոր հայտին։ Եվ թվում է, թե այն լայն աջակցություն ունի բնակչության շրջանում, որտեղ եվրոպամետ տրամադրությունները համեմատաբար ուժեղ են։ Կայքն ընդգծում է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմում ներկայացնի։ Այնուհետև ԵՄ անդամ 27 պետությունները պետք է որոշեն՝ արդյոք Հայաստանին շնորհե՞լ թեկնածուի կարգավիճակ, թե՞ ոչ։ Եթե այդ կարգավիճակը հաստատվի, Երևանը նախատեսում է հարցը դնել հանրաքվեի։ Միայն դրական արդյունքի դեպքում կարող է մեկնարկել անդամակցության երկարատև գործընթացը։ Իսկ ինչպես գիտենք, այդ գործընթացը կարող է տարիներ տևել։

ԵՄ-ին միանալու բազմաթիվ գործնական օգուտներից զատ՝ անդամակցությունը կամրապնդի նաև Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։ Սակայն այս մերձեցումը նաև ռիսկեր է պարունակում։ Մոսկվան արդեն իսկ տնտեսական միջոցներ է կիրառել Երևանի դեմ և կարող է որպես ճնշման միջոց օգտագործել Հայաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Ուստի՝ Հայաստանը կանգնած է ռազմավարական կարևոր ընտրության առաջ՝ շարունակել մերձեցումը Եվրոպայի հետ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն է՛լ ավելի վնասելու ռիսկի գնով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ