
Վախի մթնոլորտ, ճնշումներ ու խախտումներ՝ ՏԻՄ ընտրությունից առաջ․ Գեղամ Մանուկյան
Արտաշատում, հարակից գյուղերում նախընտրական պաստառներ են փակցված անգամ հասարակական նշանակության օբյեկտներում․ ABC Media-ի հետ զրույցում պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդեց, որ նախընտրական շրջանում խախտվում են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները։
Մանուկյանի խոսքով՝ հասարակական նշանակության տարածքներում նախընտրական պաստառների տեղադրումն արգելված է, քանի որ այդ վայրերից օգտվում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիներ։
Նա նաև պնդեց, որ ընտրական գործընթացին զուգահեռ՝ համայնքներում իրականացվում են ասֆալտապատման և շինարարական աշխատանքներ, իսկ համայնքային բյուջեից հատկացվում են օգնություններ։ Մանուկյանի գնահատմամբ՝ այս գործողությունները կարող են դիտարկվել որպես թաքնված ընտրակաշառք, երբ համայնքի ղեկավարն ինքն էլ ընտրություններին մասնակցում է որպես թեկնածու։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների և սպառնալիքների դեպքեր ևս կան։ Նա պնդեց, որ նման մթնոլորտը հատկապես զգալի է փոքր համայնքներում։
«Այսպիսի վախի մթնոլորտ, որ գործադրում է այս իշխանությունը, աննախադեպ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նրա փոխանցմամբ՝ համայնքներից մեկում ՀՅԴ թեկնածուի քարոզարշավի ընթացքում համայնքի ղեկավարի կողմից ներգրավված անձինք գաղտնի նկարահանել են երթի մասնակիցներին և հետևել, թե ովքեր են ողջունում թեկնածուին։
Մանուկյանն այս դեպքերը ներկայացրեց որպես ընդդիմության նկատմամբ վերահսկողության և ճնշումների դրսևորումներ։
Անի Աբաղյան


