
Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` կետերով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցում տվել է մի շարք կարևոր և վերջին շրջանում հանրությանը հուզող հարցերի պատասխաններ։ ABC Media-ն առանձնացրել է երկրորդ նախագահի հարցազրույցի ուշագրավ կետերը։
- Երբ հաղթանակը հայտարարվեց, «պանիխիդայի» դեմք էր ամբողջ ՔՊ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Կարծում եմ՝ հերթական խաբեությունն էր ուզում անել՝ մտածելով, որ կկարողանան ազդել հետագա հաշվարկի վրա։
- Այն տարօրինակ կեցվածքը, որը ցուցադրեց ԿԸՀ-ն գիշերվա ընթացքում՝ ուղիղ հեռարձակումները դադարեցնելով, կայքի խաթարումներով, փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարեն։
- Իմ համոզմունքն է, որ առնվազն 10 տոկոս իրենք տարբեր հնարքներով ավելացրել են։
- Ամենից կարևորը կհամարեի դրսի աջակցությունը, որն ուղղակի նախադեպ չուներ՝ սկսած ԱՄՆ փոխնախագահի աջակցությամբ, հետո Թրամփի, Ռուբիոյի այցը` կես ժամանոց մամուլի ասուլիսով, Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությունները, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների, նաև Մակրոնի ուղղակի նախադեպը չունեցող միջամտությունը ընտրություններին․ այդպիսի բան երբեք չի եղել։
- Մոտ 1 մլրդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով, և սա կարելի է համարել բյուջեի չարաշահում ընտրական գործընթացներում։
- Հայաստանում տեղի ունեցած բոլորը ընտրությունները միասին վերցրած՝ այդքան կալանավորումներ, ձերբակալություններ և քրեական գործեր չեն հարուցվել, որքան միայն այս ընտրությունների ժամանակ։
- Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։
- Մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված․ ուղղակի սա այն որոշումն է, որը պետք է կայացվի՝ խորհրդակցելով այլ ընդդիմադիր ուժերի հետ, բայց հետևյալը պետք է ասեմ՝ պայքարը եթե շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Մանդատները լուրջ գործիք են՝ պայքարը շարունակելու համար, բայց որ պայքարը շարունակելու ենք, կասկած չի կարող լինել․ նկատի ունեմ նաև փողոցը։
- Ընդդիմադիր ուժերի հետ շփումը հիմա կա, բայց թե միասնական գործողությունները ինչպիսին կլինեն, ցույց կտա ժամանակը։
- Այն, ինչ կատարվում է հիմա ԲՀԿ-ի ձայների հետ, ուղղակի ևս մի արտառոց բան է։ ԿԸՀ-ն կայացրել է մի որոշում, որի իրավունքն ուղղակի չունի, որը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղ, այլ կարող է այդ տեղամասում նոր ընտրություն կազմակերպել։
- Կարծում եմ՝ ամեն քաղաքական ուժ պատասխանատու է իր ցուցակի համար։ Մարդիկ, որոնք անցնում են «Հայաստան» դաշինքի ցուցակով, չեն կարող որևէ կասկած առաջացնել և անցած այս հինգ տարին ցույց է տվել, որ պայքարող են և անզիջում։
- Մենք մեր մանդատների հավաքական ուժի հետ կապված օգտագործել ենք բոլոր հնարավորությունները և միշտ այդ հնարավորությւոնները զուգորդել ենք փողոցային պայքարի հետ․ այդ պայքարի առնվազն երկու մեծ ցիկլ ունեցել ենք։ Հասե՞լ ենք նպատակին՝ չէ, բայց, համենայնդեպս, ես չեմ տեսնում որևէ պահ, որ կարող եմ ասել՝ մենք ի վիճակի ենք եղել անել ավելին և չենք արել։ Հիմա հնարավորությունը ավելի մեծ է մանդատների քանակի առումով, և կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեզանից ավելի մանդատներ է ստացել և ավելի թարմ, նոր դեմքերով է հանդես գալիս։
- Ընդդիմադիրների ձայները շեշտակի ավելացել են, եթե նրանց 10 տոկոսը դուրս գա փողոց, մենք կարող ենք 1 տարում այս իշխանության հարցերը լուծել։


