
Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն․ «Հետք»
Ազգային Ժողովի պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը և Գլխավոր դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն։ Այս հեռանկարի մասին հունիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց Իշխան Զաքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հակոբ Քոյլոյանը․ գրում է «Հետք»-ը։
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր շարունակվեց դատախազության հայցի քննությունը, որով Իշխան Զաքարյանից և նրա ընտանիքի անդամներից պահանջվում է պետությանը վերադարձնել ապօրինի ծագում ունեցող գույքն ու դրամական միջոցները։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի տեղակալ, դատախազ Հռիփսիմե Ասատրյանը դատարանին խնդրեց թույլատրել փոխել հայցի հիմքը և առարկան։ «Հայցի առաջկայում փոփոխություններ եղել են ընկերությունների մասով, հայցի առարկայում կար անշարժ գույք, որը դուրս է եկել, նվազում է տեղի ունեցել դրամական պահանջի մասով, ավելացել է փոխառության պահանջը։ Որոշակի փոփոխություն է տեղի ունեցել ավանդների մասով»,- հայտարարեց դատախազ Հռիփսիմե Ասատրյանը՝ նշելով, որ Զաքարյանի ընտանիքի անդամների կողմից դատախազություն է ներկայացվել ապացույցներ, որոնք վերաբերվել են նրանց հաշիվներին անհայտ անձանց կողմից կատարված դրամական փոխանցումներին։ «Դրանք դիտարկվել են ոչ թե ապօրինի, այլ դիտարկվել են հաշվի համալրում և նվազեցումներ են իրականացվել Իշխան Զաքարյանի կանխիկ մուտքերից։ Նվիրատվության պայմանագրեր էլ կան»,- նշեց դատախազը։ Զաքարյանների ներկայացուցի Հակոբ Քոյլոյանը չառարկեց, որ փոխվի հայցի հիմքը և առարկան։ Դատավոր Լիլի Դրմեյանը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ թույլատրելով փոփոխել հայցի հիմքը և առարկան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

