27 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիսատ մնացած Արցախ

Կիսատ մնացած Արցախ

Համակարգիչս եմ մաքրում, արխիվը փորփրում։ Մի ընդհանուր վերնագրով պանակի եմ հասնում՝ «Պլանավորում և նյութեր»։ Բացում եմ։

«Քարվաճառի դպրոցական թերթ. Խատուտիկ»։ Վեց տարի հետ եմ գնում։ 2020 թվականն է, Քարվաճառը։ Կորոնավիրուսը տարածվում է, աշխատելու ու ապրելու արգելքները՝ օր օրի շատանում։

Քարվաճառի աշակերտների հետ տարբեր ծրագրերով աշխատում եմ արդեն ութ տարի։ Արդեն հստակ տեսանելի են ութ տարվա աշխատանքի պտուղները։ Աշակերտներս իրենք են տարբեր նախաձեռնություններ հեղինակում։ Ամենաակտիվ աշակերտներիցս մեկի՝ Լենայի հետ, որոշել ենք Քարվաճառի դպրոցականների հետ ու նրանց համար դպրոցական թերթ հիմնել. աշակերտները կգրեն իրենց դպրոցի, համայնքի, իրենց հետաքրքրող թեմաների մասին։ Թերթը կլինի գունավոր, թերթի համարները pdf ֆորմատով կտարածենք նաև համացանցում…

Թե ինչպես եմ մոռացել այս պանակի մասին, չեմ հիշում։

Քարվաճառը մեզնից խլվեց անսպասելի, արագ…

Թողնում եմ անավարտ «Խատուտիկին» ու անցնում եմ հաջորդ պանակներին։

Այս մեկն արդեն 2022 թվականն է, իմ մյուս Արցախը, Արցախից մնացածը, Ստեփանակերտը։ «Թատրոն» անունով ֆայլն եմ բացում։ Պլանավորել էի գրել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի վերանորոգման աշխատանքների մասին, կազմել էի հարցազրույցների ցանկը։ Մինչև շրջափակումը։

Արցախի շրջափակումն սկսվելուց հետո ինձ թույլ չտվեցի հարցազրույց խնդրել թատրոնի մարդկանցից. պատասխան չունեցող հարցերը հնչեցնելը բարդ է։

Արցախը կյանք էր, նպատակներ ու երազանքներ։ Արցախը դպրոց էր ու դպրոցական թերթ, Արցախը թատրոն էր, այգի ու տուն։ Արցախը լեռներ ու եկեղեցի էր, հայրենիք էր Արցախը, որտեղ հայ մարդն ապրում էր հայրենիքում։

Արցախը մեզնից խլվեց անսպասելի, արագ ու անարդար։ Մեզնից խլվեց մեր հայրենիքը՝ մեջը Խատուտիկ ու Քարվաճառի դպրոց, Մաշտոցի հիմնած Ամարաս ու Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, Գանձասար ու Դադիվանք, Հանդաբերդ ու Տնջրի։

Կիսատ մնաց Արցախը, կիսատ մնացինք մենք։

Թամարա Գրիգորյան

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026