
Կառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստը․ տեղեկանում ենք Կառավարությունից։
Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում», «Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում», «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը:
Քննարկվել են նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի և հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով բացառության կիրառման հարցերը:
«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն Անետա Բաբայանը ներկայացրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ընդգծել, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Երևանի բազմամոդալ տրանսպորտային համակարգը՝ արդիականացնելով և վերազինելով Երևանի մետրոպոլիտենը և ապահովելով անվտանգ շահագործում, բարձր հուսալիություն և ծառայությունների որակ։
Մանրամասներ են ներկայացվել ծրագրում ներդրումների իրականացման և կառավարման պլանի վերաբերյալ:


