
ԵՄ-ն պատրաստ է էներգետիկ դիվերսիֆիկացման հարցում աջակցել Հայաստանին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Երևան-Բրյուսել համագործակցության շրջանակում էներգետիկ անվտանգության թեման եղել է առանցքային քննարկման ուղղություններից մեկը։ Հարցին, թե ինչ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպական միությունը այն դեպքում, եթե Ռուսաստանը գազի մատակարարումները օգտագործի որպես քաղաքական ճնշման գործիք կամ դադարեցնի դրանք, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին աջակցել էներգետիկ աղբյուրների բազմազանեցման ողջ գործընթացում։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է ռազմավարական և բազմաշերտ մոտեցում, որը կուժեղացնի Հայաստանի դիմակայունությունը էներգետիկ հնարավոր ճգնաժամերի նկատմամբ։
«Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել իր էներգամատակարարումները, ինչպես անում ենք նաև առևտրի ոլորտում՝ բարձրացնելով դիմակայունությունը»,– նշել է նա՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵՄ փորձագետներ՝ էներգետիկ համակարգի ուսումնասիրության և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման նպատակով։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն արդեն ունի նման փորձ՝ աշխատելով Ուկրաինայի և Մոլդովայի հետ էներգետիկ համակարգերի վերակազմավորման ուղղությամբ, ինչպես նաև սեփական անդամ երկրների մակարդակում էներգետիկ կախվածությունների նվազեցման գործընթացում։
ԵՄ հանձնաժողովի նախագահը նաև նշել է տարածաշրջանային էներգետիկ անվտանգության կարևորությունը՝ շեշտելով էլեկտրական ցանցերի փոխկապակցման նոր ուղիների զարգացումը և տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդումը։
Նրա խոսքով՝ արդեն նախատեսված է շուրջ 25 միլիոն եվրոյի աջակցություն՝ տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցման ծրագրերի համար։ Բացի այդ, ԵՄ-ն աջակցում է նաև Հայաստանի ներքին վերականգնվող էներգետիկ կարողությունների զարգացմանը՝ ընդգծելով, որ տեղական արտադրության աճը բարձրացնում է երկրի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը։


