12 Հուլ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ խոսել Արցախի մասին

Ինչո՞ւ խոսել Արցախի մասին

«Արցախի դրոշը հանել են Ֆրանսիայի հրապարակից», «Արցախցիների բնակարանային խնդիրը չի լուծվում», «Արցախը Հայաստան է և վերջ», «Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին օրը», «Լոռին նման է Արցախին, էստեղ հեշտ ենք հարմարվում»…

Արցախի մասին մտքերը, խոսքերը, լուրերը, իրականությունն ու անիրականը հակասական են։

Ամբողջական Արցախի, երբ Արցախ գնալու երկու ճանապարհ կար, երբ Քարվաճառի ազատագրման փաստի հպարտությունից հաճախ գլխապտույտ էր լինում, կիսատված, մասնատված Արցախի, որտեղ հասնելու համար կրել եմ ազգային ամոթի ամենամեծ չափաբաժինը՝ անցնելով թշնամական դրոշի ներքո ու անձնագիր ներկայացնելով օտարին։ Անիրական Արցախի, որ երբեմն կասկածում եմ՝ եղել է, թե երազ էր, ցնորք, երկիր Նաիրի…

Արցախ բառն անվերջ գլխումս է՝ ֆոնային երաժշտության նման։ Երաժշտություն, որ երբեմն այնքան սովորական է դառնում, որ չի էլ լսվում։ Լռում է կարծես, հասկանալով՝ որ նույն երաժշտությունն է պտտվում արդեն քանի տարի։ Եվ մեկ էլ պոռթկում է, դառնում ճիչ, ձայն բարբառո հանապատի։

Ու ճիչը հարց է դառնում. խոսե՞լ Արցախի մասին, ինչո՞ւ խոսել Արցախի մասին։ Խոսքն սկսում է ամաչել ու թաքնվել։ Նմանվում է անբուժելի բաց վերքի վրա անընդհատ ցանվող աղին։ Ինչո՞ւ խոսել, ինչո՞ւ հիշել, երբ շուրջն ամեն ինչ ասում է՝ վերջացած է։ Ամոթ է, չէ՞, խոսել մի բանի մասին, ինչին օգնել հնարավոր չէ։

Իսկ մոռանա՞լ։ Իսկ ինչպե՞ս մոռանալ։ Մոռանալ, որ Արցախը եղել է դարեր ի վեր հայրենիքի ազատագրված միակ հատվածը, մոռանալ, որ Արցախյան հերոսամարտը կերտել է ազգային հպարտություն, մոռանալ, որ ուսանող տարիներից սկսած մի երազանք ես ունեցել՝ ապրել ու արարել ազատագրված հողում։ Մոռանալ, որ Արցախը մի ժամանակ Հայաստան է եղել ու վերջ… ու վե՞րջ։ Մոռանալ, որ Արցախը Մայր Հայաստանի դարպասն է /եղել/՝ ամենակարևոր կողմերից, ու դարպաս է հիմա՝ արդեն խորտակված։

Մոռանալ, էլ աղ չցանել վերքի վրա։ Հանձնվել հոգեպես, հանձնվել քո ներսում, մոռանալ այն հիմքը, ինչի վրա կառուցվել է ազգային գիտակցությունդ, կառուցվել են անձնական նպատակներդ։ Մաքրել աղը՝ մոռանալով, որ աղը հականեխիչ հատկություն ունի։ Թողնել, որ վերքը փտի՝ ախտահարելով քո ամբողջ համակարգը։

Մոռանա՞լ, ու վե՞րջ։ Թե՞ շարունակել աղը ցանել՝ ցավի մեջ զգալով, որ դեռ ապրում ես, ու գիտակցությունդ վերջնականապես չի հանձնվել կեցությանը։

Թամարա Գրիգորյան

Ընտրություն 2026   Ընտրություն 2026