
Volkswagen-ը կարող է մինչև 100․000 աշխատատեղ կրճատել
Աշխարհի ամենամեծ ավտոարտադրողներից մեկը՝ Volkswagen ընկերությունը, մրցակիցների հետ մրցունակությունը պահպանելու համար կարող է կրճատել շուրջ 100.000 աշխատատեղ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրենի՝ Օլիվեր Բլյումեի՝ աշխատակիցներին ուղղված ներքին հուշագրին։
Նշվում է, որ Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողի շահույթը զգալիորեն նվազել է մաքսատուրքերի պատճառով առաջացած միլիարդավոր եվրոյի ծախսերի և չինական ընկերությունների հետ աճող մրցակցության պատճառով։
Բլյումեի խոսքով՝ չնայած արդեն իսկ որոշվել էր կրճատել ընկերության, այդ թվում՝ նրա Porsche և Audi դուստր ընկերությունների 50․000 աշխատատեղ, Volkswagen-ը պետք է շարունակի նվազեցնել ծախսերը, քանի որ իր ծախսերը մոտ 20 տոկոսով ավելի բարձր են նույն ոլորտի ընկերությունների համեմատ։ Սա տեսականորեն կարող է նշանակել, որ ամբողջ աշխարհում կկրճատվի ևս 50.000 աշխատատեղ։
«Մենք այժմ բոլոր ապրանքանիշների, ընկերությունների և տարածաշրջանների մակարդակով գնահատում ենք՝ իրականում ինչ ծավալի փոփոխություններ է անհրաժեշտ և հնարավոր իրականացնել», – նշել է Բլյումեն։


