15 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ անկնկալ է սպասվում «S-2 Աերացիա-Նուբարաշեն» տրոլեյբուսում

Ի՞նչ անկնկալ է սպասվում «S-2 Աերացիա-Նուբարաշեն» տրոլեյբուսում

Առաջին հայացքից` սովորական տրոլեյբուս է, սովորական երթուղի։ Բայց բավական է նայել վարորդի նստարանին` հասկանալու համար, որ այս պատմությունը սովորական չէ։

23-ամյա Իվետա Սարգսյանը նախ ստուգում է իր «երկաթե գործընկերոջը», համոզվում, որ ամեն ինչ պատրաստ է, և սկսում հերթական աշխատանքային օրը։

Ունի հաշվապահի, զբոսավարի և հոգեբանի մասնագիտություններ, սակայն մասնագիտական ճանապարհը որոշել է «տրոլեյբուսով անցնել»։ Նուրբ ժպիտով նա ամեն օր կոտրում է տարիներով ձևավորված կարծրատիպերը և ապացուցում, որ մասնագիտությունը սեռ չի ճանաչում։

Եթե մի քանի տարի առաջ որևէ մեկը նրան ասեր, որ մի օր Երևանի փողոցներով տրոլեյբուս է վարելու, հավանաբար կժպտար։ Նրա մանկության երազանքների ցանկում այս մասնագիտությունը հաստատ չի եղել։ Բայց կյանքը երբեմն ամենաանսպասելի շրջադարձերն է առաջարկում։

«Փոքր ժամանակ, երբ նստում էի հասարակական տրանսպորտ, հաճախ պատկերացնում էի, թե ինչպիսի վարորդ կլինեմ՝ չմտածելով, որ մի օր դա իրականություն կդառնա։ Քանի որ սիրում եմ մեքենա վարել և ղեկին լինել, որոշեցի ուժերս փորձել այս ոլորտում։ Հիշում էի, որ «Երևանի էլեկտրատրանսպորտը» ուսուցանում է այս մասնագիտությունը, որոշեցի դիմել»,- պատմում է Իվետան։

Նրա խոսքով՝ վարորդի աշխատանքը միայն ղեկին նստելը չէ։ Այն պահանջում է կենտրոնացում, զգոնություն և պատասխանատվություն՝ յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր ուղևորի նկատմամբ։

«Առաջին աշխատանքային օրը շատ լարված անցավ, քանի որ արդեն ինքնուրույն էի աշխատում՝ առանց ինստրուկտորի։ Բայց մի քանի օր անց այդ լարվածությունն անցավ։ Հիշում եմ նաև, երբ առաջին անգամ փորձում էի փոխել տրոլեյբուսի ածուխները։ Քանի որ ես փոքրամարմին եմ, քիչ էր մնում՝ լարերն ինձ օդ բարձրացնեին»,- ժպիտով հիշում է նա։

Նոր մասնագիտության ընտրությունը շատերի համար անսպասելի էր։ Ոմանք զարմանքով են նայում նրան, մյուսները հետաքրքրվում են՝ արդյոք դժվար չէ նման մեծ տրանսպորտային միջոց վարելը։ Կան նաև ուղևորներ, որոնք չեն թաքցնում իրենց հիացմունքն ու հիշողության համար լուսանկարվում են նրա հետ։

Աշխատանքային օրը Իվետան հիմնականում սկսում է վաղ առավոտից։ Նա վարում է «Տ-2»՝ Աերացիա-Նուբարաշեն երթուղու տրոլեյբուսը։

Ամենադժվար պահերը, նրա խոսքով, խցանումներն են, երբ պետք է միաժամանակ հետևել ճանապարհին, տրանսպորտային հոսքին և ուղևորներին։ Այդ պահին նույնիսկ մեկ վայրկյանով շեղվելու իրավունք չունես։

Սակայն հենց այդ բարդությունների մեջ էլ Իվետան գտնում է իր աշխատանքի գեղեցկությունը։

Նրա խոսքով՝ այս աշխատանքում կան նաև պահեր, որոնք հոգնածության փոխարեն ժպիտ են պարգևում. երեխաների բարևները, տարեց ուղևորների շնորհակալական խոսքերը, մարդկանց անկեղծ վերաբերմունքը։ Հենց դրանք են երկար օրվա ավարտին նոր ուժ տալիս, որպեսզի հաջորդ օրը կրկին նույն ոգևորությամբ աշխատանքի գա։

Նա ամեն օր անցնում է նույն փողոցներով, կանգնում նույն կանգառներում, սակայն յուրաքանչյուր օր նոր պատմություն է համարում։ Ղեկին նստած այս երիտասարդ աղջիկը ոչ միայն տրոլեյբուս է վարում, այլ նաև իր ընտրած ճանապարհը։

Ճանապարհ, որտեղ կարևոր չէ, թե ով ես, կարևոր է, թե որքան նվիրվածությամբ ես կատարում քո գործը։

Տրոլեյբուսը շարունակում է իր ընթացքը, իսկ ղեկին՝ 23-ամյա Իվետան է։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026