20 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչև վերջին փամփուշտը, որ ծաղկեին ձնծաղիկները Քարվաճառում

Մինչև վերջին փամփուշտը, որ ծաղկեին ձնծաղիկները Քարվաճառում

Ֆեյսբուքն ամեն օր պարտաճանաչ հիշեցնում է ընկերների ծննդյան օրերը։ Բացում եմ ցանկը, սկսում եմ հերթով շնորհավորել մարդկանց։ Կանգ եմ առնում։ Իմ աշակերտ Գագիկի ծնունդն է…Գագիկի, որ ծնվել է 2000 թվականին, Քարվաճառում, հաճախել է Քարվաճառի դպրոցը։

Գագիկը չարաճճի ու աշխույժ երեխա էր, 6-7-րդ դասարան, երբ մենք տեղափոխվեցինք Քարվաճառ։ Հետը լեզու գտնելն սկզբից շատ բարդ էր։ Որոշել էր միանալ Քարվաճառի դպրոցականներից կազմված նորաստեղծ թատերական խմբակին, սակայն մի քանի հանդիպումից հետո որոշեց էլ չգալ։ Որևէ բանով երկար չէր հետաքրքրվում, անընդհատ նորն էր փնտրում, անընդհատ շարժման մեջ էր։ Կենսախինդ էր Գագիկը, անհանգիստ, պրպտուն։

Սկսեցինք ընկերանալ։ Առաջին անգամ Գագիկին բացահայտելու հնարավորություն եղավ, երբ իր մի խումբ դասընկերների հետ գնացել էինք ձնծաղիկ հավաքելու։ Ոգևորված պատմում էր Քարվաճառի սար ու ձորի մասին. անգիր գիտեր Քարվաճառն ու շրջակայքը, ձորերն ու բարձունքները, գետը…

Դպրոցում լավ սովորելով աչքի չէր ընկնում, բայց կարգին տղա էր մեծացել՝ ընտանիքին օգնող, հարգալից ու համարձակ։

Դպրոցն ավարտելուց հետո իր տարեկիցների հետ զորակոչվեց բանակ։ Տղաները Քարվաճառում իրենց ապագան հիմնականում բանակի հետ էլ կապում էին։ Գագիկի հայրը, հորեղբայրը, քեռին պայմանագրային զինծառայողներ էին։

2020 թվականի սեպտեմբերին Գագիկը ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակում։ Ինքը զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նպատակ ուներ Քարվաճառում ծաղկի խանութ բացել…

Մեր դպրոցի շրջանավարտ շատ տղաներ էին այդ ժամանակ զինվորներ։ Աշակերտների զոհվելու մասին լուրերն ամենասարսափելին էին. ամեն օր համոզում էի ինձ, որ երեխաներին բան չի լինելու…

Հոկտեմբերն էր, ամենաթեժ, ամենաարյունոտ օրերն էին։

«Գագոն ա զոհվել… շատ ուժեղ ա կռվել, շատ դուխով… Մոտն ինչքան զենք ա եղել, մինչև վերջ կրակել ա…»։

Գագիկին հիշում եմ սարի լանջին, ձնծաղիկի փունջը ձեռքին, չարաճճի, փայլուն աչքերով։

Գագիկն ուժեղ է կռվել, կրակել է մոտը եղած բոլոր զենքերով, քանի որ թիկունքում Քարվաճառն էր, իր տունը, իր դպրոցը, իր սիրելի սարերն ու լանջը, որ գարնանն էլի ձնծաղիկ պիտի տար։

Ի՞նչ անել աշակերտիդ ծննդյան օրը, որ անմահացել է՝ մինչև վերջին փամփուշտը կրակելով…

Թամարա Գրիգորյան

Ընտրություն 2026   Ընտրություն 2026