22 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի նպատակը Հորմուզը շրջանցելն է, «պլան Բ»-ն՝ TRIPP-ը կամ Միջին միջանցքը

ԱՄՆ-ի նպատակը Հորմուզը շրջանցելն է, «պլան Բ»-ն՝ TRIPP-ը կամ Միջին միջանցքը

Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն երկու տարվա ծրագրով նպատակ ունեն նվազեցնել Իրանի տնտեսական և քաղաքական լծակը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Միջին միջանցքը․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է «Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանը։

Նրա խոսքով՝ այս ծրագրին միացել են հինգ տարածաշրջանային երկրներ՝ Թուրքիան, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը և Եգիպտոսը։

«Եգիպտոսի ներգրավվածությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ ծրագիրը նախատեսում է նաև Հորմուզի նեղուցը Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով շրջանցելու հնարավորությունը։ Սակայն վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Եմենի հուսիները փորձում են նաև Կարմիր ծովը փակել։ Այդ դեպքում կարծում եմ՝ «պլան Բ»-ն, ինչպես ասում է Թոմ Բարաքը, լինելու է Միջին միջանցքը՝ որպես Հորմուզի նեղուցը շրջանցող ուղի»,– ասել է Հարութ Արթին Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքը սկսվում է Կենտրոնական Ասիայից, անցնում Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով ու հասնում Եվրոպա։

«Կոնկրետ այս ծրագիրը Իրանի դեմ է և ուղղված է Իրանի տնտեսական, քաղաքական և ռազմական լծակների չեզոքացմանը։ Հետևաբար՝ Միջին միջանցքի՝ Հայաստանի տարածքով, Սյունիքով անցնող 43 կիլոմետրանոց հատվածը, որը կոչվում է TRIPP՝ «Թրամփի ուղի», ցույց է տալիս, որ այդ ծրագիրը Միացյալ Նահանգների համար ոչ թե զուտ տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական նպատակներ ունի։ Դրանցից մեկը Իրանի և Ռուսաստանի տնտեսական լծակների չեզոքացումն է տարածաշրջանում»,- նշել է նա։

Արթին Առաքելյանի գնահատմամբ՝ այս ծրագրով կարող է խախտվել Հարավային Կովկասի ուժերի հավասարակշռությունը։

«Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են ավելի բարձր դիրք և ավելի մեծ ազդեցություն տարածաշրջանում՝ իրենց սեփական ծրագրերն առաջ տանելու համար։ Եթե մինչ այդ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հիմնականում երկու երկրների միջև էր, այսօր, երբ գալիս է աշխարհի գերտերություն և փորձում է իր բոլոր լծակներն օգտագործել՝ որոշակի երկրների ավելի մեծ և կարևոր լծակներ տալու համար, բալանսը կարող է խախտվել»,- ասել է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց աշխարհաքաղաքական դիրքը «վաճառել» Արևմուտքին՝ որպես Իրանի և Ռուսաստանի հարևաններ։

«Հայաստանը, որքան էլ հիմա փորձում է տեղավորվել Արևմուտքի բլոկում և տարածաշրջանում իր տեղը գտնել, փաստն այն է, որ շատ մեծ դերակատար չէ։ Հայաստանը զուտ միջոց է, գործիք է այս ուղին ստեղծելու և ձևավորելու համար։ Հետևաբար՝ մենք շատ լծակներ չենք ունենա, օրինակ՝ Ադրբեջանի նկրտումները սանձելու և խոչընդոտելու համար»,- նշել է նա։

Արթին Առաքելյանի խոսքով՝ դրա օրինակներից մեկը Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի և Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցի կապակցումն է։

«Ադրբեջանի Սահմանադրության մեջ նույն խնդիրները կան, բայց հայկական կողմը չի դիմում այդ քայլին։ Եթե ասվում է, որ մենք կարող ենք դիմել այդ քայլին, և Ադրբեջանն էլ փոխի իր Սահմանադրությունը, որտեղ ինքը հայտարարում է, որ Առաջին հանրապետության իրավահաջորդն է, ապա այդ քարտեզները նրանց համար գոյություն ունեն։ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է հայտարարել, որ այդ քարտեզների իրավահաջորդն է, իսկ այդ քարտեզներում Սյունիքում, Վայոց ձորում և մեր մյուս մարզերում նրանք ունեն իրենց վերագրած տարածքները»,- ասել է նա։

Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է Միջին միջանցքը, և այդ համատեքստում է պետք դիտարկել նաև TRIPP-ի զարգացումը։

«Մենք հիմա տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները Թրամփի կողմից ուղիղ մարդ է նշանակում Հայաստանում TRIPP-ը իրականացնելու համար, և դրան զուգահեռ նույն անձնավորությունը ձեռք է բերում նաև Թեղուտի հանքերը։ Այսինքն՝ պետք է Թեղուտի հանքերից ստացված եկամուտով կառուցեն իրենց տարածքը մեր տարածքում և շահագործեն դա։ Իսկ մենք դրանից պետք է ստանանք, չգիտեմ, ընդամենը 26 տոկոս շահույթ այդ տարանցիկ ճանապարհից»,- նշել է Արթին Առաքելյանը։

Նրա խոսքով՝ այս վիճակը մեծ ռիսկ է նաև Իրանի և Հայաստանի համար։

«Մեր հարավային սահմանը իրանական սահմանն է, և մենք մեր ապրանքաշրջանառության մեծ տոկոսն իրականացնում ենք նաև Իրանից դեպի Հայաստան։ Այս իրավիճակում, որքան էլ հայտարարենք կամ ասենք Իրանի իշխանություններին, որ TRIPP-ը հակաիրանական չէ, մենք պետք է հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաներն արդեն բացահայտ հայտարարում են, որ TRIPP-ը կամ Միջին միջանցքը հիմնականում հակաիրանական է»,- ասել է նա։

Արթին Առաքելյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա պահպանել հավասարակշռությունը։

 Անի Աբաղյան

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026