
ՄԱԿ-ը զգուշացնում է ՄԻԱՎ-ի համաճարակի վտանգի մասին
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջազգային ծրագրերի ֆինանսավորման կրճատումը կարող է հանգեցնել համաշխարհային համաճարակի նոր ալիքի․ նշվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համատեղ ծրագրի (UNAIDS) զեկույցում։
«Շատ երկրների կողմից ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջազգային ֆինանսավորումը նվազել է ավելի քան 1.5 միլիարդ դոլարով՝ 2024 թվականի 8.8 միլիարդ դոլարից հասնելով 2025 թվականի 7.3 միլիարդ դոլարի, ինչը 18%-ով անկում է և ամենացածր մակարդակն է գրեթե երկու տասնամյակի ընթացքում», – նշվում է զեկույցում։
Այն պարզաբանում է, որ 2025 թվականին ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը հասել է 1.2 միլիոնի, իսկ ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդությունները խլել են մոտավորապես 570․000 մարդու կյանք։
Համաշխարհային նպատակներին չհասնելու պատճառով իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ. առանց ակտիվ միջոցառումների՝ մինչև 2030 թվականն ավելի քան 3 միլիոն մարդ կարող է վարակվել վիրուսով։
Հետազոտությունների համաձայն՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի մեծ մասը ֆինանսավորվել է միջազգային աղբյուրներից։ Օրինակ՝ Սահարայից հարավ աֆրիկյան երկրներում նման ծրագրերի ֆինանսավորման 80%-ը ստացվել է օտարերկրյա օգնությունից։ 2024 թվականին համայնքային կազմակերպությունները ստացել են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի արտաքին ֆինանսավորման մինչև 25%-ը: Եթե դոնորների աջակցությունը նվազի, իսկ ներքին ֆինանսավորումը չավելանա, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման տեղական շատ ծրագրեր կարող են լուրջ մարտահրավերների բախվել:


