04 Օգս
2026
39° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են տեղաշարժեր․Բայրամով-Կասիս ասուլիսի հայտարարությունները

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են տեղաշարժեր․Բայրամով-Կասիս ասուլիսի հայտարարությունները

TRIPP նախագիծը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համարԲաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են տեղաշարժեր, և դրանցից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառվել է Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի փաստաթղթում։

«Այս նախագիծը շատ կարևոր է տարածաշրջանի համար։ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից պարբերաբար ստանում է գործընթացի վերաբերյալ թարմացումներ։ Մենք ակնկալում ենք, որ 42 կիլոմետրանոց հատվածում աշխատանքները կսկսվեն 2026 թվականին։ Ադրբեջանական պետությունը արագորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները», – հայտարարել է Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Նախիջևանում կա մոտավորապես 180 կիլոմետր երկաթուղային գիծ, որը 30 տարի անգործ է եղել։

«Այնտեղ նույնպես անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ, և աշխատանքներն արդեն սկսվել են», – հավելել է նա։

Նախարարը նշել է, որ որոշակի աշխատանքներ պետք է կատարվեն նաև Հայաստանում։

Բայրամովն ընդգծել է, որ այս բոլոր գործընթացները զգալի արդյունքներ են խոստանում տարածաշրջանի համար։

«Նավթամթերք արդեն իսկ Ադրբեջանից տեղափոխվում է Հայաստան: Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում առևտուրը կարող է ընդլայնվել: Անցած տարվա ընթացքում Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել մոտ 60000 տոննա բեռ և 20000 տոննա նավթամթերք», – հայտարարել է արտգործնախարարը։

Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ իր շվեյցարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է անցյալ տարվա վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։

«Այնտեղ ընդունված փաստաթղթերի շարքում մենք անպայման նշում ենք առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ կոչը ԵԱՀԿ անդամ պետություններին՝ լուծարել նախկին հակամարտության հետ կապված Մինսկի խմբի ինստիտուտները։ Անցյալ տարվա դեկտեմբերին այս գործընթացն ամբողջությամբ ավարտվեց ԵԱՀԿ շրջանակում։ Այս ինստիտուտները վերացվեցին, և, այսպես ասած, վերջ դրվեց ԵԱՀԿ տարածքում մեկ հակամարտության։ Մենք կարծում ենք, որ սա անցած տարվա ամենակարևոր իրադարձությունն էր ԵԱՀԿ համատեքստում», – ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

Կասիսն, իր հերթին, նշել է, որ Շվեյցարիան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացը և կարծում է, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց կողմերը մոտ են վերջնական փաստաթղթի ստորագրմանը։

«Մենք՝ Շվեյցարիայում, հպարտ ենք, որ թեկուզ փոքր չափով ներդրում ենք ունեցել այս ճանապարհին ձեռնարկված քայլերում։ Ես խրախուսում եմ իմ ադրբեջանցի գործընկերոջը շարունակել իր ջանքերը՝ համաձայնագրի ստորագրումն ապահովելու համար։ Սա կարևոր քայլ կլինի երկու երկրների ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի համար հաշտեցման և կայունության ուղղությամբ», – ընդգծել է նա։

Նախարարը նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է շարունակել աջակցել խաղաղության գործընթացին, եթե կողմերը դիմեն։

«Մեր երկիրն ունի Հարավային Կովկասում վստահության ամրապնդման բազմամյա փորձ, և մենք պատրաստ ենք շարունակել ներդրում ունենալ այս ուղղությամբ», – հայտարարել է Ինյացիո Կասիսը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026