
Աննահանջ կրակ․ 500 հրշեջ, այդ թվում՝ Գերմանիայից, փորձում է մարել Բելգիայի անտառային հրդեհները (լուսանկարներ)
Բելգիայի արևելքում՝ Գերմանիայի սահմանին մոտ, դեռևս չի հաջողվում ամբողջությամբ մարել կամ վերահսկել անտառային խոշոր հրդեհները․ գրում են տեղական լրատվամիջոցները։
Օգոստոսի 14-ից բռնկված հրդեհն արդեն ոչնչացրել է շուրջ 3․000 հա տարածք՝ դառնալով Բելգիայի պատմության անտառային խոշորագույն հրդեհներից մեկը։
«Օգոստոսի 17-ի անձրևը, օդի խոնավության աճն ու քամու ուժգնության թուլացումը որոշ չափով նպաստել են հրդեհի տարածման դանդաղեցմանը։ Փրկարարները կարողացել են կանգնեցնել կրակի շարժը դեպի Գերմանիայի սահման, սակայն կրակը շարունակում է մխալ, ու հրդեհի՝ նոր թափով բռնկումը բացառված չէ,- գրում են ԶԼՄ-ներն՝ ավելացնելով,- Հրդեհի նոր ալիքի բռնկումը չեզոքացնելը բարդ է նաև՝ պայմանավորված տարածքի ճահճային հողերով․ եթե տորֆն սկսի այրվել (իսկ այն օգտակար հանածո է և կարող է հեշտությամբ այրվել – խմբգ․ ), անտառները դեռ երկար ժամանակ կծխան»։
Հրդեհի պատճառով Բելգիայի մի շարք բնակավայրերից մոտ 600 մարդ է տարհանվել։
Գերմանիայի սահմանամերձ Մոնշաու քաղաքում նույնպես մասնակի տարհանում է իրականացվել․ բնակիչներին զգուշացվել է ծխի և հրդեհի հնարավոր տարածման վտանգի մասին։
Հրդեհի դեմ պայքարին միացել են նաև հարևան երկրները․ Գերմանիան, օրինակ, Բելգիա է ուղարկել հրշեջներ և փրկարարներ։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է ավելի քան 500 հրշեջ ու փրկարար։ Աշխատանքներին մասնակցում են նաև տարբեր երկրների օդային ուժեր։
Թե ի՞նչն է հրդեհի բռնկման պատճառը, դեռևս հայտնի չէ։


