
Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր
Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են գրեթե 3 միլիարդ եվրոյի համաձայնագիր՝ Իսրայելի կողմից Հունաստանի համար բազմաշերտ ՀՕՊ համակարգ ստեղծելու նպատակով․ ըստ The Times of Israel-ի՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
«Աքիլլեսյան վահան» անվամբ համաձայնագիրը Հունաստան կմատակարարի մի քանի իսրայելական համակարգեր, այդ թվում՝ Rafael-ի արտադրության David’s Sling և SPYDER համակարգեր, ինչպես նաև Israel Aerospace Industries-ի արտադրած BARAK MX համակարգեր։
Իսրայելի ՊՆ-ն գործարքն անվանել է իսրայելա-հունական հարաբերությունների պատմության մեջ ամենամեծ ռազմական արտահանման համաձայնագիրը և Իսրայելի պատմության մեջ ամենամեծ նմանատիպ գործարքներից մեկը։
Համաձայնագիրը ստորագրվել է Իսրայելի պաշտպանության նախարարության Թել Ավիվի կենտրոնակայանում՝ գլխավոր տնօրեն Ամիր Բարամի և նրա հույն գործընկեր Իոանիս Բուրասի կողմից։
«Համաձայնագրի շրջանակում Իսրայելը Հունաստանի համար կստեղծի համապարփակ, բազմաշերտ ՀՕՊ համակարգ, որը հիմնված կլինի ամբողջությամբ իսրայելական արտադրության համակարգերի և պատերազմի ընթացքում Իսրայելի ՊՆ կուտակած լայնածավալ գործառնական փորձի վրա», – նշվում է հայտարարությունում։
Սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը մեկ այլ երկրի մատակարարում է պաշտպանության համակարգերի համապարփակ փաթեթ՝ լայն շրջանակի սպառնալիքների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ։ Ավելին, կողմերը ստորագրել են լրացուցիչ 26 միլիոն եվրո արժողությամբ համաձայնագիր՝ Հունաստանին Rafael-ի արտադրած Drone Dome համակարգերի վաճառքի վերաբերյալ։
Իսրայելը նաև մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հունաստանի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում։


