01 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
30 հազար դրամի համար համայնքապետ են ձերբակալում. Առաքելյանը՝ Արսեն Աղաբաբյանի ձերբակալության մասին

30 հազար դրամի համար համայնքապետ են ձերբակալում. Առաքելյանը՝ Արսեն Աղաբաբյանի ձերբակալության մասին

Երեկ՝ օգոստոսի 31-ին, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը աշխատավայրից ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Հարցաքննությունը, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի, ավարտվել է գիշերը՝ մոտավորապես ժամը 1-ի սահմաններում, որից հետո Աղաբաբյանն ազատ է արձակվել։

Առաքելյանի խոսքով՝ Աղաբաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կապված է համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի վարձակալության տրամադրման հետ։

«Մանրամասներին չեմ տիրապետում, բայց, մեղմ ասած, անհասկանալի ու ծիծաղելի ինչ-որ քրեական գործ են հարուցել։ Խոսքը մոտ հինգ տարի առաջ համայնքային սեփականություն հանդիսացող, լքված մի տարածքի մասին է, որը ավագանու որոշմամբ վարձակալության է տրամադրվել ամսական, կարծեմ, 70 հազար դրամով։ Հիմա Հակակոռուպցիոն կոմիտեն ասում է, որ ցածր գնով եք տվել, և պետք է լիներ 100 հազար դրամ՝ իրենց գնահատմամբ»,– ասել է նա։

Առաքելյանը շեշտել է, որ անգամ եթե իրավապահների կողմից ներկայացված գնահատականը ճիշտ համարվի, խոսքը ամսական 30 հազար դրամի տարբերության մասին է։

«30 հազար դրամի համար, ինչ-որ տարածք վարձակալությամբ տրամադրելու համար, համայնքի ղեկավարին ձերբակալում են։ Սա ուղղակի աբսուրդ է։ Ի՞նչ ասեմ՝ խայտառակություն է, թե իրավապահ մարմինները ինչով են զբաղվում»,– նշել է Առաքելյանը։

Նա նաև ընդգծել է, որ տարածքը վարձակալությամբ տրամադրելու որոշումն ընդունվել է ավագանու կողմից, և դրան կողմ են քվեարկել ավագանու բոլոր անդամները, այդ թվում՝ ՔՊ-ականները։

Անդրադառնալով Աղաբաբյանի ձերբակալության հնարավոր քաղաքական ենթատեքստին՝ Առաքելյանը այն կապել է ընդդիմադիր համայնքապետերի և քաղաքական գործիչների նկատմամբ իշխանությունների վարքագծի հետ։

«Իշխանությունների համար իրավապահ մարմինները միշտ քաղաքական գործիք են հանդիսանում, որը ցավով եմ արձանագրում։ Նման երևույթներն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ցավոք, արդեն դարձել են սովորական։ Երեկվա լուրը, ցավով եմ արձանագրում, ո՛չ մեդիայի, ո՛չ հանրության համար զարմանք չառաջացրեց։ Արդեն սովորական վարքագիծ է դարձել»,- ասել է նա։

Առաքելյանի խոսքով՝ առաջիկայում Նոյեմբերյանում ՏԻՄ ընտրություններ են, որոնց «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ։

«Մենք նորից մասնակցելու ենք Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ և վստահ ենք, որ կրկին կարժանանանք բնակիչների վստահությանը։ Հետևաբար, ընտրություններից առաջ նման վարքագիծը մեզ համար արդեն դարձել է սովորական»,– նշել է նա։

Միևնույն ժամանակ, Առաքելյանը նշել է, որ Աղաբաբյանի ձերբակալությունն ու հարցաքննությունը խաթարում են համայնքի բնականոն աշխատանքը։

«Ոչինչ չի խանգարում մեզ։ Ընդամենը հիմա պարոն Աղաբաբյանի և համայնքի բնականոն գործունեությունը մի քանի ժամով կրկին խաթարում են։ Այդ հարցաքննությունները, իրավապահների հետ շփումները անիմաստ ժամանակի կորուստ են՝ առաջին հերթին նաև իրավապահների համար»,– ասել է նա։

Առաքելյանը հարց է բարձրաձայնել նաև այլ, իր գնահատմամբ՝ ավելի խոշոր գործերով իրավապահների գործողությունների վերաբերյալ՝ մասնավորապես հիշատակելով ԱՆԻՖ-ի գործը։

«Օրինակ՝ ԱՆԻՖ-ի գործը, բոլորիս հայտնի այդ 30 միլիոն դոլարը թողած, եկել են 30 հազար դրամի համար մարդ են ձերբակալում։ Այդ ԱՆԻՖ-ի ձերբակալություններն ո՞ւր են, երբ բյուջեից միլիոնավոր դոլարներ են սխալվել»,– ասել է նա։

Նշենք, որ Նոյեմբերյանում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են նոյեմբերին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ