02 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խուսափել «Արցախը շուտով վերադարձնելու» անիրատեսական խոստումից և չընկնել «Արցախի էջը փակված է» թեզի ծուղակը. Genesis Armenia 

Խուսափել «Արցախը շուտով վերադարձնելու» անիրատեսական խոստումից և չընկնել «Արցախի էջը փակված է» թեզի ծուղակը. Genesis Armenia 

Genesis Armenia Ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն էր տարածել Արցախի հանրապետության հռչակման 35-ամյակի կապակցությամբ։

«Արցախի հանրապետության հռչակումից 35 տարի անց սեպտեմբերի 2-ը դիմավորում ենք պատմաքաղաքական ու անվտանգային ծանրագույն պայմաններում։ Արցախը հայաթափված է, 150 հազար արցախցիներ զրկված են իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից, իսկ հայկական հազարամյա պատմամշակութային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման, խեղաթյուրման, յուրացման և ինքնության փոփոխման շարունակական վտանգի տակ։

Արցախի հայաթափումը փոխեց ՀՀ անվտանգային միջավայրը։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշումն ավելի անմիջական է դարձել, և այս պայմաններում հայկական քաղաքական մտածողությունը չի կարող սահմանափակվել միայն անցյալի գնահատմամբ։ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջության, պաշտպանունակության և կենսունակության ամրապնդումը դարձել է համազգային առաջնահերթություն։

Գիտակցելով, որ այսօրվա գլոբալ և տարածաշրջանային ռազմաքաղաքական պայմաններում արցախցիների հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրականացումը գործնականում անհնար է, այդուհանդերձ այդ անհնարինությունը չի նշանակում վերադարձի իրավունքի վերացում, իսկ քաղաքական անբարենպաստ իրադրությունը՝ ազգային նպատակից հրաժարում։

Վերադարձը չի կարող լինել մարդկանց կյանքը վտանգող հուզական կոչ կամ քաղաքական կարգախոս։ Այն կարող է իրական բովանդակություն ստանալ միայն այն ժամանակ, երբ գոյություն կունենան անվտանգության վստահելի և միջազգայինորեն վերահսկելի երաշխիքներ, սեփականության ու քաղաքացիական իրավունքների պաշտպանություն և այնպիսի քաղաքական պայմաններ, որոնց դեպքում արցախցին ստիպված չի լինի ընտրություն կատարել հայրենիքի և ֆիզիկական անվտանգության միջև։

Ուստի այսօր մեր խնդիրը ոչ թե անիրատեսական ժամկետներ սահմանելն է, այլ վերադարձի հնարավորությունը պատմականորեն բաց պահելը, ինչի համար անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել մի քանի ուղղություններով՝ միջազգային իրավական հարթակներում պահպանել և պաշտպանել արցախցու վերադարձի, սեփականության և հիմնարար իրավունքները, ամբողջությամբ փաստագրել բռնի տեղահանության հետևանքներն ու հայկական մշակութային ժառանգությանը հասցվող վնասները, պահպանել Արցախի հայկական պատմական և մշակութային հիշողությունը, ամրապնդել արցախցու համայնքային ինքնությունն ու կազմակերպվածությունը Հայաստանում և Սփյուռքում, և ամենակարևորը՝ հետևողականորեն մեծացնել ՀՀ պետական, տնտեսական, ժողովրդագրական, տեխնոլոգիական և պաշտպանական կարողությունները։

Որևէ ազգային նպատակ չի կարող իրականացվել միայն պատմական արդարության գիտակցմամբ։ Այն պահանջում է ուժ, ռազմավարական համբերություն, կազմակերպվածություն, ինստիտուտներ, գիտելիք, դիվանագիտություն և երկարաժամկետ պետական քաղաքականություն։

Մեզ համար Արցախը միայն անցյալ չէ։ Բայց այն նաև չպետք է վերածվի քաղաքական իրականությունից կտրված խորհրդանշանի։ Արցախի վերադարձը այսօր կարող է թվալ հեռավոր ազգային երազանք։ Մեր սերնդի պատասխանատվությունը այդ երազանքը վտանգավոր պատրանքի չվերածելն է, բայց նաև այն պատմականորեն չփակելը։ Պետք է պահպանել ժողովրդին, նրա իրավունքները, հիշողությունը և հայրենիքի հետ իրավական ու մշակութային կապը՝ միաժամանակ կառուցելով այնպիսի Հայաստան, որն ապագայում կունենա սեփական ազգային շահերը պաշտպանելու անհամեմատ ավելի մեծ կարողություն։

Ազգային նպատակները չեն վերանում միայն այն պատճառով, որ տվյալ պատմական պահին դրանց իրագործման համար բավարար ուժ չունենք։ Բայց դրանք իրականություն են դառնում միայն այն ժամանակ, երբ երազանքը վերածվում է ռազմավարության, ռազմավարությունը՝ ինստիտուտների, իսկ ինստիտուտները՝ ազգային կարողության։

Սեպտեմբերի 2-ը մեզ համար ոչ միայն հիշողության օր է, այլ պատասխանատվության օր՝ պահպանելու Արցախի հայկական ժառանգությունը, պաշտպանելու արցախցիների իրավունքները, ուժեղացնելու Հայաստանի Հանրապետությունը և գալիք սերունդների համար բաց պահելու պատմական արդարության վերականգնման հնարավորությունը»:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ