02 Սեպ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Apple-ն իր քարտեզներում ԱՄՆ օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ

Apple-ն իր քարտեզներում ԱՄՆ օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ

Apple ընկերությունն իր Apple Maps քարտեզագրական ծառայությունում Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լճի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող լճի անվանափոխության մասին․ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփի տված անվանումը տեսանելի է միայն ԱՄՆ-ում գտնվող ծառայության օգտատերերի համար, մինչդեռ Կանադայի և մյուս երկրների բնակիչները լճի անվանումը տեսնում են որպես Օնտարիո լիճ։

ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգ Բերգամի խոսքով՝ Թրամփը նախկինում կապ է հաստատել Apple-ի հետ և հորդորել ընկերությանը վերանվանել Օնտարիո լիճն իր Apple Maps հարթակում՝ գործադիր հրամանագրի համաձայն։

Ավելի վաղ Google-ը նմանատիպ փոփոխություններ էր կատարել իր Google Maps ծառայությունում։ Տեխնոլոգիական հսկան փոխել էր լճի անվանումն ԱՄՆ-ում օգտատերերի համար, բայց անփոփոխ էր թողել Կանադայում օգտատերերի համար։ ԱՄՆ-ից և Կանադայից դուրս օգտատերերը կտեսնեն երկու անվանումներն էլ միաժամանակ։

Google-ը հայտարարել է, որ վերանվանել է լիճը՝ համաձայն ԱՄՆ աշխարհագրական անունների տեղեկատվական համակարգի (GNIS) թարմացումների՝ «պաշտոնական կառավարական աղբյուրներում անվանափոխություններն արտացոլելու համար»։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր ամերիկյան քարտեզագրական ծառայություններն են անհրաժեշտ համարում ներառել Թրամփի տված անունը։ Օրինակ՝ ամերիկյան քարտեզագրական ծառայությունը՝ MapQuest-ը, հրաժարվել է կատարել փոփոխությունը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ