Հանձնման ենթակա տարածքների մասով իշխանությունը նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում ․ Աբրահամյան
Բանակցություններում տեղի ունեցող վտանգավոր միտումների ֆոնին, իշխանությունը հանկարծ «հիշել» է, որ «միջանցքի» թեման բոլոր ժամանակներում էլ եղել է․ այս մասին իր Facebook-յան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում զիջել հայաստանյան իշխանությունը շատ կարևոր է վերլուծել նրա խոսույթը:
Այս համատեքստում հատկանշական է, որ հանձնման ենթակա տարածքների կամ այլ բնույթի զիջումների մասով իշխանությունը նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում և անցնում գրոհի:
Այս թեմայի հետ կապված, բանտից բավականին հետաքրքիր անդրադարձ է արել Արմեն Աշոտյանը, ով բացի այն հանգամանքից, որ մանրամասն վերլուծել և հերքել է այդ կատարյալ հիմարությունը, այլ հստակ ցույց է տվել, թե ինչպես է փաշինյանական իշխանության ձախողումը բերել բանակցային օրակարգում «միջանցք» եզրույթի հայտնվելուն»,- նշել է Աբրահամյանը, և ընդգծել, որ որքան զիջումներն ու հնարավոր սահմանային սրացումներն առաջին պլան են գալիս, իշխանությունն այնքան ջղագրգիռ է դառնում` շտապում են նոր կեղծ թիրախներ հնարելու և պատասխանատվությունից փախուստի դիմելու հայտնի մեթոդին: