
Զելենսկին հայտնել է Ուիթքոֆի և Քուշների՝ Կիև կատարելիք այցի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների այցը Կիև սպասվում է կիրակի օրը։
«Այսօր արդեն հստակ է, որ ամերիկացի ներկայացուցիչները առաջիկա օրերին կլինեն Ուկրաինայում և Ռուսաստանում։ Ամերիկայի նախագահի թիմից մանրամասներ կան։ Այսօր քննարկել ենք, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կայցելեն Մոսկվա, իսկ կիրակի օրը՝ Կիև»,-ասել է Զելենսկին իր Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում։
«Մենք պատրաստվում ենք այս այցին։ Այսօր խորհրդակցություն է անցկացվել մեր ընդլայնված դիվանագիտական թիմի մասնակցությամբ՝ մասնավորապես նրանց, ովքեր աշխատում են ամերիկյան կողմի հետ»,- հավելել է նա։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները մտադիր են սեպտեմբերի 5-6-ին այցելել Մոսկվա և Կիև։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Կրեմլը ռուսական կողմի և ամերիկացի բանակցողների միջև շփումների մասին կտեղեկացնի, երբ դրանք կայանան։


