05 Սեպ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բարդ է «կյանքը շարունակվում»

Բարդ է «կյանքը շարունակվում»

Նորից տեղափոխվում ենք։ Այս անգամ չենք տեղահանվում։ Տեղափոխվում ենք նոր տուն. Քարվաճառի մեր տնից հետո մեր երկրորդ տունն է սա։

Նոյեմբերի իննի գիշերը ես քնած էի Քարվաճառում մեր ձեռքերով կառուցած տանը, երբ ստորագրվում էր մեր ձեռքերով կառուցած տան ու մեր հայրերի սերնդի ձեռքերով ու կյանքերի գնով ազատագրված մեր հայրենիքը հանձնելու թուղթը։

Նոյեմբերի իննի գիշերը, «հաղթելու ենք» հեշթեգի հաղթարշավին հաջորդած «ստորագրել է» լուրը ներխուժեց իմ տուն, հիմնահատակ ավերելով իմ տան մեջ ապրող բոլոր երազանքներն ու նպատակները։

Արհավիրքից որևէ երազանք չփրկվեց. փրկվեցին իմ տանն ապրող մի շարք իրեր։ Վեց տարի շարունակ իրերը փոշոտվել են տարբեր վայրերում. հիմա եկել է նրանց վերաբացելու ու նոր կյանք տալու ժամանակը։

Քարվաճառից տեղահանվելիս չեմ հասկացել, թե ինչ եմ հետս վերցնում, ինչ՝ ոչ։ Դրանից հետո երբեք չեմ հիշել, թե ինչ եմ բերել, ինչ՝ թողել։ Հիմա հասկանում եմ, թե ինչ ենթագիտակցությամբ եմ իրեր հավաքել. վերցնել այն, ինչի հետ հուզական կապ կա։

Գրքերի արկղ եմ բացում. խունացած, գույնը գցած բացիկներ են՝ տարբեր աշակերտներիցս՝ Ուսուցչի օրվա, Մարտի ութի, Ապրիլի 7-ի առիթներով։ Փոքրիկ հուշանվերներ։ Քարվաճառի սարերում հարյուր անգամ սուրճս տաք պահած թերմոս։ Այգումս աշխատելիս արևից ինձ պաշտպանող լայնեզր գլխարկը։

Ու մի կտավ. Սաթը, իմ այն ընկերուհին, որ Քարվաճառն զգում ու սիրում էր ինձ պես, տարվա բոլոր եղանակներին Քարվաճառ գալու և որոշակի բաներ անելու ծիսակարգ ուներ. ձմռանը պետք է վայելեր մեր բոցկլտացող վառարանը, աշնանը՝ մեզ համար թթու դներ, գարնանը՝ վայելեր նոր արթնացող անուշ հողը, իսկ ամռանը մեր մեծ այգուց մրգերի բերքահավաք աներ։ Ձմռան երկար երեկոներից մեկում որոշեց, որ մեր տանը պետք է նկար նկարի. այն, ինչ զգում է։ Եվ չգիտես ինչպես կտավի վրա հայտնվեց կիթառ նվագող մի իսպանացի՝ իրեն ուղեկցող գեղեցկուհու հետ։ Քարվաճառը լայն երազելու հորիզոն էր տալիս՝ իր սարերի պես բարձր ու ազատ։

Հիմա տեսնում եմ, որ նկարն անավարտ է. ու հիշում եմ՝ խոստացել էր հաջորդ գալուն ավարտել։ Երջանիկ այս երաժշտի նկարն անավարտ կմնա։

Այս անգամ դանդաղ եմ տեղափոխվում նոր տուն. արագ տեղափոխությունից տեղահանության տագնապ եմ ապրում։

Թամարա Գրիգորյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ