17 Սեպ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ երբ ցույց տամ 1938-ի ՀՀ քարտեզը, դուք չեք տեսնի Տիգրանաշենը՝ որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյան

Կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ երբ ցույց տամ 1938-ի ՀՀ քարտեզը, դուք չեք տեսնի Տիգրանաշենը՝ որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյան

Մինչև 2026 թվականի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զբաղված էր քաղաքական սադիզմով, մինչև 2026 թվական խոստացել էին, որ հաշվի կնստեն ժողովրդի կարծիքի հետ և հաշվի կառնեն ժողովրդի ցանկությունները, բայց արի ու տես, որ շատ մեծ աղետ բերեցին, շատ զոհեր ունեցանք ու մեծ կորուստներ։ Իսկ 2026 թվականի ընտրություններից հետո այս նույն իշխանությունը զբաղված է քաղաքական մազոխիզմով․ այսօր ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։

«Այս իշխանությունը հաճույք է ստանում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց ու մի ամբողջ ադրբեջանական խոսույթ գեներացնելուց։ Այս մարդիկ ուղղակի հաճույք էին ստանում, երբ 2024 թվականին կատարում էին Ալիևի ուղիղ պահանջները՝ հանձնում էին Տավուշից տարածքներ։ Դրանից առաջ էլ՝ 2022 թվականին, հաճույք էին ստանում Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց՝ իհարկե Արցախի տարածքային ամբողջականությունը ներառյալ Ադրբեջանի կազմում, որի հետևանքով ունեցանք էթնիկ զտում»,-ասաց նա։

«Ես հիմա կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ երբ ես ցույց տամ 1938 թվականի Հայաստանի քարտեզը, դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ, ինչպես դուք եք նշում։ Նույնպես կարող եմ գրազ գալ ձեզ հետ, որ կարող եք գալ այստեղ ու ասել՝ այս նույն քարտեզում Տավուշի տարածքներ կան, որոնք կոչվում են ադրբեջանական անկլավ, բայց շտապեմ հիասթափեցնել՝ 1932 թվականի քարտեզում ո՛չ Տավուշում անկլավներ կան ադրբեջանական, ո՛չ էլ Տիգրանաշենն է ադրբեջանական»,-հավելեց պատգամավորը՝ դիմելով իշխող ուժին։

Նա նշեց, որ իր համար զարմանալի է, թե ինչու իշխող ուժը չի պաշտպանում հայ ժողովրդի պետական և ազգային շահերը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ