
Հայաստանում ռուսական ընկերությունների օրինական շահերի խախտումն անպատասխան չի մնա․ Գալուզին
Ռուսաստանի կողմից Հայաստանում ռուսական ընկերությունների օրինական շահերի խախտումն անպատասխան չի մնա․ այս մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական ընկերությունների օրինական շահերի պահպանմանը։ Դրանց խախտումը ոչ միայն կվնասի հանրապետության ներդրումային միջավայրին, այլև անպատասխան չի մնա Ռուսաստանի կողմից», – նշել է Գալուզինը։
Ռուս պաշտոնյան հավելել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի բոլոր եկամուտները ներդրվում են Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման մեջ։
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության հայտարարություններին՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն ՀԿԵ ՓԲԸ-ի կոնցեսիան երրորդ երկրի վաճառելու անհրաժեշտության մասին՝ հայկական երկաթուղային ցանցը կառավարելու համար։ Նրանք պնդում են, որ ռուսական ներկայությունը, իբր, զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Իրականում ճիշտ հակառակն է. ռուսական ընկերությունը տարիներ շարունակ իր բոլոր եկամուտները ներդնում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների պահպանման, վերանորոգման և զարգացման մեջ», – նշել է դիվանագետը։


