21 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օրվա իշխանությունը համակարգված ապամոնտաժում է երկիրը․ Արամ Մանուկյան

Օրվա իշխանությունը համակարգված ապամոնտաժում է երկիրը․ Արամ Մանուկյան

ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը սեպտեմբերի 21-ը համարում է Հայաստանի պատմության «սրբագույն և լուսավոր» օրերից մեկը։

Նրա խոսքով՝ 1991 թվականի Անկախության հանրաքվեն Հայաստանի պատմության աննախադեպ իրադարձություններից է։

«Սեպտեմբերի 21-ը ամենամասսայական միջոցառումն է մեր պատմության մեջ։ Մի միջոցառում, որին մասնակցի 2 միլիոն 42 հազար մարդ, նմանը չկա։ Սա մեր պատմության առանցքային կետն է, երբ հայաստանցիները որոշեցին պետություն ստեղծել»,- ասել է Մանուկյանը։

Նա հանրաքվեն նաև բնորոշել է որպես սերունդների միջև «էստաֆետ», երբ նախորդ սերունդների երազանքն իրականացվեց և փոխանցվեց հաջորդներին։

«Հիմա մենք և՛ այն սերունդն ենք, որ իրականացրել է դա, և՛ այն սերունդն ենք, որը պետք է փոխանցի հաջորդին։ Այդ շղթան կտրվելու վտանգի առաջ է։ Առանց գունավորման՝ հայտարարում եմ՝ մեր անկախությունը այսօր վտանգի առաջ է»,– նշել է ՀԱԿ ներկայացուցիչը։

Մանուկյանի խոսքով՝ անկախության և պետականության պահպանման հարցը պետք է դառնա համազգային խնդիր՝ միավորելով քաղաքական, քաղաքացիական և հասարակական ուժերին։

Նա նաև հայտարարել է, որ իրենց ասուլիսի նպատակներից մեկն այդ կոչը հնչեցնելն էր՝ պնդելով, որ «այսօրվա իշխանությունները ծրագրավորված, համակարգված գնում են երկրի ապամոնտաժման»։

Մանուկյանը ներկայացրել է նաև իր կազմած «Անկախության հանրաքվե» գիրքը, որում ներառված են 1990-1991 թվականների հանրաքվեին նախորդած գործընթացների և դրա անցկացմանը վերաբերող փաստաթղթեր, միջազգային դիտորդների ու մամուլի գնահատականներ։

«Եկեք բոլորս միասին տեր կանգնենք մեր անկախությանը։ Շնորհավո՛ր, անկա՛խ Հայաստան»,-եզրափակել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ