
Եվրոպայի համար իրավիճակը լարվում է, Ֆրանսիան կարող է դառնալ ռուսական անօդաչու թռչող սարքերի թիրախ․ Մակրոն
TF1-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրավիճակը Եվրոպայում լարվում է, քանի որ Ռուսաստանն ավելացրել է իր թշնամական գործողությունները․ հայտնում է meduza.io-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Ֆրանսիային տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, որ Մոսկվան, իբր, պատրաստվում է քաղաքացիական նավերից անօդաչու թռչող սարքեր արձակել Հարավային Եվրոպայի երկրների դեմ։
«Բայց, այո՛, իրավիճակն իսկապես լարվում է։ Ե՛վ Ուկրաինայի համար, որը 2022 թվականի փետրվարից պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, և՛ մեզ՝ եվրոպացիներիս համար, քանի որ վերջին շաբաթների ընթացքում [Ռուսաստանի կողմից] թշնամական գործողությունների թիվն ամբողջ Եվրոպայում խիստ աճել է», – հայտարարել է Մակրոնը։
Լրագրողները Մակրոնին հարցրել են, թե արդյոք Ֆրանսիան կարո՞ղ է դառնալ ռուսական անօդաչու թռչող սարքերի թիրախ, ինչպես դա տեղի ունեցավ Լայպցիգի օդանավակայանում, որտեղ, Գերմանիայի պնդմամբ, Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերի միջոցով դիվերսիա էր նախապատրաստում։
«Իմ պատասխանն է՝ այո։ Եկեք հստակեցնենք. Ռուսաստանը Եվրոպան դիտարկում է որպես Ուկրաինայի ռազմավարական թիկունք, քանի որ եվրոպացիները օգնում են Ուկրաինային։ Մենք արդեն մի քանի տարի է՝ հարձակման ենք ենթարկվում՝ տեղեկատվական և կիբեռհարձակումներ։ Ֆրանսիան երբեք չի տեսել այնպիսի հարձակում, ինչպիսին տեղի ունեցավ Լայպցիգում։ Բայց մենք պետք է սթափ գնահատենք զարգացող սպառնալիքը։ Մենք պետք է պատրաստվենք», – ասել է Ֆրանսիայի նախագահը։


