
Եվրոպայի ո՞ր երկրներում են բնակարանի գներն ամենաբարձրը
Պորտուգալիայում բնակարանների գները կրկին աճում են՝ սեպտեմբերին հասնելով պատմական առավելագույն ցուցանիշի․ գրում է Euronews-ը։
Idealista-ի գների ինդեքսի համաձայն՝ սեպտեմբերին գները 7,9%-ով աճել են՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Ամսական կտրվածքով՝ օգոստոսի համեմատ գները երկրում աճել են 0,6%-ով։
Անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության պորտալի տվյալները ցույց են տալիս, որ անցյալ ամիս բնակարան գնելու արժեքը կազմել է 3228 եվրո մեկ քառակուսի մետրի դիմաց (եվրո/մ²)՝ հիմնվելով միջինացված գնի (մեդիանայի) վրա։
Լիսաբոնը շարունակում է մնալ երկրի ամենաթանկ քաղաքը բնակարան ձեռք բերելու համար։ Պորտուգալիայի մայրաքաղաքում միջինացված գինը կազմում է 6256 եվրո/մ²։
Պորտուգալիան ռեկորդներ է սահմանում նաև եվրոպական մակարդակով։
Eurostat-ի վերջին տվյալների համաձայն՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրում գրանցվել է գների ամենամեծ աճը Եվրոպական միությունում։
«Ամենամեծ աճը գրանցվել է Պորտուգալիայում (+16,5%), որին հաջորդում են Բուլղարիան (+15,5%) և Լիտվան (+14,3%)», – նշվում է հայտարարությունում։
Ֆինլանդիան (-2,7%), Լյուքսեմբուրգը (-2,2%) և Ֆրանսիան (-0,8%) միակ երկրներն են, որտեղ գները նվազել են։
Ընդհանուր առմամբ՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում բնակարանների գները եվրոգոտում աճել են 4,0%-ով, իսկ ԵՄ-ում՝ 4,7%-ով՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ 2026 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում բնակարանների գները եվրոգոտում աճել են 1,1%-ով, իսկ ԵՄ-ում՝ 1,2%-ով։


