
Թագուհուց՝ կործանիչի օդաչու․ Թաիլանդի միապետի կինը ինքնուրույն թռիչք է կատարել
Թաիլանդի թագուհի Սութիդա Վաջիրալոնգկորնը Սուրաթթհանի նահանգի ավիաբազայում առաջին անգամ ինքնուրույն թռիչք է կատարել JAS 39C Gripen կործանիչով. հայտնում է թայլանդական The Nation պարբերականը։
Թռիչքին հետևել է Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը։ Ինքնուրույն թռիչքից առաջ թագուհին ուսուցում է անցել Թաիլանդի թագավորական ռազմաօդային ուժերի չափորոշիչներով։ Նա օգոստոսի 20-ից սեպտեմբերի 4-ը, ապա սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը մարզվել է ավիաբազայում՝ այդ թվում՝ ավիացիոն սիմուլյատորով։
Թռիչքից առաջ թագուհին ստուգել է կործանիչը, այնուհետև այն դուրս է բերել թռիչքուղի և օդ բարձրացել։ Նա կատարել է ուսումնական ծրագրով նախատեսված թռիչքը և հաջողությամբ վայրէջք կատարել։
Վայրէջքից հետո թագավորը շնորհավորել է կնոջը, ծաղկեփունջ նվիրել նրան և հանձնել Gripen Order Golden Patch պատվավոր տարբերանշանը, որը տրվում է JAS 39 Gripen կործանիչով թռիչք կատարած օդաչուներին։
Մինչև ինքնուրույն թռիչքը թագուհին JAS 39D Gripen երկտեղանոց կործանիչով ավելի քան 10 ժամ թռիչք էր կատարել։ Տարբեր տեսակի օդանավերով նրա թռիչքների ընդհանուր տևողությունը կազմում է 1188 ժամ։ Թագուհին թռիչքներ է կատարել Cessna T-41, CT-4E Airtrainer, Pilatus PC-9, Mooney M20M, Piper PA-34 Seneca և Boeing 737 օդանավերով։


