
Հրապարակվել է աշխարհի պետությունների կառավարման կարողություններն ու արդյունավետությունը գնահատող վարկանիշը․ հարևաններից ո՞ւմ է զիջում ՀՀ-ն
Աշխարհի պետությունների կառավարման կարողություններն ու արդյունավետությունը գնահատող վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 64-րդ տեղը 133 երկրի թվում՝ հավաքելով 0.503 միավոր։
The Chandler Good Government Index (CGGI) 2026 վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները զբաղեցնում են բարձր արդյունավետություն և կայուն ինստիտուտներ ունեցող երկրները։ Առաջին տեղում արդեն 4-րդ տարին անընդմեջ Սինգապուրն է:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Նորվեգիան (բարելավելով դիրքերը 2 հորիզոնականով), երրորդ տեղում Դանիան է:
Առաջատար տասնյակում ներառված են Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Գերմանիան և Նիդեռլանդները։
CGGI-ն գնահատում է պետական կառավարումը՝ հիմնվելով 35 եզակի ցուցանիշի վրա, որոնք խմբավորված են 7 հիմնական բաժինների շուրջ՝
- առաջնորդություն և հեռանկարային տեսլական,
- ամուր օրենքներ և քաղաքականություն,
- ուժեղ ինստիտուտներ,
- ֆինանսական կառավարում / տնտեսվարում,
- գրավիչ շուկա և տնտեսական միջավայր,
- գլոբալ ազդեցություն և հեղինակություն,
- մարդկանց առաջխաղացման հնարավորություններ։
Հայաստանի դիրքերն առանձին ուղղություններով բաշխվել են հետևյալ կերպ. հանրային ֆինանսների կառավարում՝ 57-րդ տեղ, իրավական և քաղաքականության հիմնավորվածություն՝ 61-րդ տեղ, գլոբալ ազդեցություն և հեղինակություն՝ 64-րդ տեղ, ինստիտուցիոնալ հզորություն՝ 77-րդ տեղ, շուկայի գրավչություն՝ 81-րդ տեղ, առաջնորդություն և ռազմավարական տեսլական՝ 89-րդ տեղ։
ՀՀ հարևանների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը, սակայն ֆինանսական կառավարման և բյուջետային կարգապահության առանձին սյունով գրանցել է բացառիկ արդյունք՝ զբաղեցնելով 3-րդ տեղն աշխարհում (զիջելով միայն Սինգապուրին և Նորվեգիային):
Վրաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը (ցուցանիշում առանձնանում է բիզնես կանոնակարգերի և թափանցիկության ավելի բարձր ենթավարկանիշներով):
Թուրքիան 75-րդն է, իսկ Իրանը գտնվում է աղյուսակի ավելի ստորին հատվածում՝ զբաղեցնելով 111-րդ տեղը։


