ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան գիշերը 18 ավիահարված են հասցրել Եմենում հուսիների օբյեկտներին. շարժման խոսնակ
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը գիշերը 18 ավիահարված են հասցրել Եմենում հուսի ապստամբների օբյեկտներին, հայտնել է հուսիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Շարժման ներկայացուցիչը X սոցիալական ցանցում գրել է, որ Եմենի մայրաքաղաքը՝ Սանան, ենթարկվել է ընդհանուր 12 ավիահարվածի, ևս 3 հարված է հասցվել Հոդեյդա նահանգում, 2-ը՝ Թաիզ նահանգում, 1-ը՝ Ալ-Բայդա նահանգում։ Նա նաև ասել է, որ «այդ հարձակումներն անպատասխան չեն մնա»։
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենի մի քանի նահանգներում հուսիների ռազմական օբյեկտների վրա։ Ավստրալիայի, Բահրեյնի, Բրիտանիայի, Կանադայի, Նիդեռլանդների և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության համաձայն՝ դաշնակից ուժերը ութ հարված են հասցրել «Անսար Ալլահ»-ի դիրքերին՝ թիրախավորելով ապստամբների ստորգետնյա պահեստները և հրթիռների արձակման վայրերը: Վերջին 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ն մի քանի անգամ ինքնուրույն հարձակվել է եմենցի ապստամբների դիրքերի վրա։