25 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը․ հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:

Հիշեցնենք, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը, վնասել է տան ներքին հարդարումը, այդ թվում հոսանքալարերը, ներքին պատերի և առաստաղի հարդարումը, ամբողջությամբ ապամոնտաժել է սալիկները, մանրահատակը, վնասել է բակի ջրավազանը և տան տանիքի ծածկը:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում, պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի վնաս:

2026 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կ.Գ.-ի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով և 20 միլիոն դրամ գրավը:

Պետությանը պատճառված վնասի՝ շուրջ 229 միլիոն դրամի վերաբերյալ, դատախազը գույքային հայց կներկայացնի դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026