
Զելենսկիի նախկին մամուլի քարտուղարին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին հեռակա կարգով պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել. հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մեղադրանքներն առաջադրվել են Ուկրաինայի քրեական օրենսգրքի՝ ռազմական դրության պայմաններում կատարված պետական դավաճանության, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններն արդարացնելու մասին հոդվածներով։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունում պնդում են, որ Մենդելն իր հրապարակային ելույթներում և սոցիալական ցանցերում կատարած գրառումներում միջազգային հարթակում վարկաբեկել է Ուկրաինային։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ Զելենսկիի նախկին մամուլի քարտուղարը գտնվում է երկրի սահմաններից դուրս։ Այդ պատճառով մեղադրանքներն առաջադրվել են հեռակա կարգով։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունում, ներկայումս շարունակվում են Մենդելին պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցառումները։


