
Գերմանիայի բնակիչների 82%-ը դժգոհ է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և դաշնային կառավարության աշխատանքից
Գերմանիայի բնակիչների դժգոհությունը դաշնային կառավարության և անձամբ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի աշխատանքից հասել է պատմական առավելագույնի՝ գերազանցելով 80%-ը։ Այս մասին վկայում են INSA սոցիոլոգիական ինստիտուտի՝ Bild am Sonntag թերթի պատվերով անցկացված հարցման արդյունքները։
Հարցման համաձայն՝ Գերմանիայի կառավարության ղեկավարի աշխատանքից դժգոհ է հարցվածների 82%-ը։ Սա 2 տոկոսային կետով ավելի է, քան հոկտեմբերի սկզբին գրանցված ցուցանիշը։ Միայն 13%-ն է դրական գնահատում Մերցի գործունեությունը։
Համեմատության համար նշենք, որ հունվարին կանցլերի աշխատանքից դժգոհ էր Գերմանիայի քաղաքացիների 67%-ը, իսկ նրա գործունեությանն աջակցում էր 24%-ը։
Հարցման մասնակիցների ռեկորդային 82%-ը դժգոհ է կառավարության աշխատանքից, իսկ միայն 13%-ն է հավանություն տալիս դրան։
Սոցիոլոգների գնահատմամբ՝ դժգոհության պատճառներից մեկը բնակչության կենսամակարդակի անկումն է։
Գերմանացիների 60%-ը նշել է, որ գործող կառավարության իշխանության գալուց հետո իր անձնական տնտեսական վիճակը վատթարացել է։ Միայն 6%-ն է բարելավում արձանագրել, իսկ 29%-ի խոսքով՝ իրենց վիճակը չի փոխվել։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 5-6-ը՝ 1004 մարդու մասնակցությամբ։
Նշվում է, որ Մերցի հեղինակությունը՝ որպես առաջնորդի և Գերմանիայի կանցլերի, լրջորեն տուժել է ամռանը՝ կառավարության կադրային փոփոխությունների ձախողման և բարեփոխումների ընթացքի դանդաղման ֆոնին։


