
Գերմանահայ բժիշկները Հայաստանի բուժհաստատություններին մասնագիտական աջակցություն են ցուցաբերում
Համահայկական գագաթնաժողովի շրջանակում անցկացվող էքսպո ցուցահանդեսում ներկայացված են նաև Գերմանիայում գործող հայ մասնագիտական կազմակերպությունների աշխատանքն ու ծրագրերը։ Դրանցից մեկը Հայ-գերմանական բժիշկների և բուժաշխատողների միությունն է, որը եվրոպական բժշկական փորձն ու մասնագիտական հնարավորությունները փորձում է հասանելի դարձնել Հայաստանի բուժհաստատություններին և կարիքավոր քաղաքացիներին։
1990 թվականին հիմնադրված միության գործունեության կարևոր ուղղություններից է վիրավորում ստացած զինծառայողներին և սոցիալապես անապահով քաղաքացիներին բժշկական աջակցություն ցուցաբերելը։
Միության աջակցությամբ 2021-2026 թվականներին իրականացվել է աչքի պրոթեզավորման 92 դեպք։ Կազմակերպության կարևոր նախաձեռնություններից էր նաև Արցախում իրականացված շարժական լաբորատորիայի ծրագիրը։

ABC Media-ի հետ զրույցում Հայ-գերմանական բժիշկների և բուժաշխատողների միության նախագահ Սրբուհի Մարտիրոսյանը պատմեց կազմակերպության իրականացրած ծրագրերի մասին։
«Երկար տարիներ կազմակերպությունը բազմաթիվ ծրագրերով գործել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Արցախի Հանրապետությունում։ Հատկապես Արցախում հիշարժան է շարժական լաբորատորիայի ծրագիրը, որը երկար ժամանակ գործել է։ Մենք ստանձնեցինք երկու կարևոր ծրագիր։ Առաջինը աչքը կորցրած զինվորների պրոթեզավորման ծրագիրն էր։ Մեր բժիշկների ակտիվ ջանքերով 61 զինվոր՝ մարզերից և Երևանից, կարճ ժամանակահատվածում գերմանացի մասնագետի միջոցով ստացավ բարձրորակ աչքի պրոթեզ»,- նշեց Սրբուհի Մարտիրոսյանը։
2021-2025 թվականներին միության աջակցությամբ իրականացվել է նաև միջին ականջի (թմբկախորշ) 32 վիրահատություն։
Կազմակերպությունն աջակցում է ոչ միայն բժշկական օգնության տրամադրմանը, այլև հայ բժիշկների մասնագիտական զարգացմանը։ 2023 թվականին միության աջակցությամբ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում բացվել է քիթ-կոկորդ-ականջաբանական վիրաբուժության ուսումնական լաբորատորիա՝ անհրաժեշտ սարքավորումներով։
Միության նախագահը նշեց, որ կազմակերպությունն աջակցել է նաև հայ մասնագետների վերապատրաստմանը Գերմանիայի հայտնի կլինիկաներում։
«Կարողացանք հրավիրել որոշ մասնագետների և կազմակերպել նրանց մասնագիտական որակավորման բարձրացումը Գերմանիայի հայտնի կլինիկաներում։ Իսկ այժմ ապագային միտված ծրագրեր ունենք՝ Գերմանիայում հայ բժիշկների ներգրավումը մեր ընդհանուր գործին ավելի ակտիվացնելու և նոր անդամներ ներգրավելու ուղղությամբ», - ասաց Սրբուհի Մարտիրոսյանը։
Էքսպո ցուցահանդեսում ներկայացված է նաև իրավական ոլորտը։ Գերմանահայ իրավաբանների միության անդամները ցուցադրել են գերմանահայկական իրավաբանական տերմինաբանության բառարանը, որը երկու տարվա աշխատանքի արդյունք է և լույս է տեսել այս տարվա գարնանը։ Բառարանի նպատակն է հեշտացնել Հայաստանի և Գերմանիայի իրավաբանների մասնագիտական հաղորդակցությունը՝ ապահովելով իրավական տերմինների միասնական և հասկանալի կիրառություն։
Առողջապահական և իրավական ոլորտների այս նախաձեռնությունները Սփյուռքի մասնագիտական ներուժը Հայաստանի զարգացմանն ու տարբեր ոլորտների առաջընթացին ծառայեցնելու համագործակցության օրինակներ են։
Սվետլանա Պետրոսյան


