
Նոր Սահմանադրության նախագծում որոշ դրույթներ կարող են օգտագործվել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը սահմանափակելու համար․ սահմանադրագետ
Նոր Սահմանադրության նախագծում օտարերկրյա ֆինանսավորման և ընտրողի ազատ կամքի վրա անօրինական ազդեցության վերաբերյալ դրույթները կարող են օգտագործվել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը սահմանափակելու համար․ ABC Media-ի հետ զրույցում ասաց գործող Սահմանադրության համահեղինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նրա գնահատմամբ՝ օտարերկրյա ֆինանսավորման հարցը հնարավոր էր հստակ կարգավորել օրենսդրական մակարդակում, մինչդեռ նախագծում սահմանադրական հիմքերը բավարար հստակ չեն ձևակերպված։
«Գործող իշխանությունը չի թաքցնում իր դժգոհությունը նոր Սահմանադրությանը դեմ արտահայտվող խորհրդարանական ուժերից և նրանց՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը սահմանափակելու մտադրություն ունի։ Հետևաբար՝ չեմ բացառում, որ նախագիծն ընտրելու դեպքում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները կփակեն»,- ասաց Պողոսյանը։
Նա մտահոգություն հայտնեց նաև, որ կուսակցությունների գործունեության արգելման դեպքում դատական պաշտպանության հնարավորությունները բավարար երաշխիք չեն լինի։ Նրա գնահատմամբ՝ նոր նախագիծը թուլացնում է դատական իշխանության անկախությունը, քանի որ նախատեսում է գործող դատավորների կարգավիճակի վերանայում։
Նախագծով Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելուց հետո գործող դատավորները կշարունակեն պաշտոնավարել ժամանակավորապես, իսկ առաջիկա 5 տարվա ընթացքում նրանց հետագա կարգավիճակը կորոշի 5 անդամից կազմված հանձնաժողովը։ Պողոսյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովի անդամներին առաջադրելու են հանրապետության նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը և կառավարությունը, իսկ ընտրելու է խորհրդարանը՝ ձայների պարզ մեծամասնությամբ։
Սահմանադրագետի համոզմամբ՝ այս մեխանիզմը վտանգում է դատական իշխանության անկախությունը և կարող է սահմանափակել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ իրենց իրավունքները դատարանում պաշտպանելու հնարավորությունները։
«Այս սահմանադրության նախագիծը բացառիկ է այն իմաստով, որ ամբողջապես զրոյացնում է դատական իշխանության անկախությունը»,- ասաց Պողոսյանը։
Նրա գնահատմամբ՝ գործող Սահմանադրության համեմատ՝ նոր նախագիծը հետընթաց է ժողովրդավարության և իրավական պետության տեսանկյունից։
Անի Աբաղյան


