
Արտակարգ դեպք՝ Երևանում․ պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում, որն այնուհետև բռնվել է. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում.գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ բուժօգնության հերթապահ բուժանձնակազմը տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրի վերածված ավտոմեքենայի, հրդեհի հարևանությամբ կայանված ու ջերմահարված «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 42-ամյա Մհեր Մանուկյանն է։


