Եթե այս իրավիճակում իշխող մեծամասնությունը դեմ է արտահայտվելու «Հայաքվե» նախաձեռնությանը, ուրեմն նրանք լեգիտիմ չեն․ Արծվիկ Մինասյան
Իշխող քաղաքական ուժը 2021 թվականին տված իր խոստումները ոչ միայն
չի կատարել, ձախողել է, այլև արել է ուղիղ հակառակը՝ ամեն ինչ անել, որպեսզի նախընտրական
իրենց իսկ տված խոստումների ուղիղ հակառակ պատկերն ունենան․ այս մասին «Հայաքվե» նախաձեռնության օրինագծի
հարցով ԱԺ լսումների ընթացքում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ
Արծվիկ Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ խորհրդարանում
ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հայտնել են իրենց վճռականությունը՝ պաշտպանելու
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անվտանգությունը և իրենց նախընտրական ծրագրերում
նշել են, որ բոլոր ջանքերը պետք է գործադրեն դրան հասնելու համար։
«Այսօր ունենք մի իրողություն, երբ Արցախը հայաթափված է, ադրբեջանական
վանդալիզմն ամեն օր երևում է նաև զավթված տարածքների մշակութային արժեքների, մեր հայրենակիցների
սրբատեղիների նկատմամբ», – հայտարարել է Մինասյանը
և նշել, որ եթե այս իրավիճակում իշխող մեծամասնությունը դեմ է արտահայտվելու «Հայաքվե»
նախաձեռնությանը, ուրեմն նրանք լեգիտիմ չեն, նրանք հանցագործություն են գործում հայ
ժողովրդի նկատմամբ, սահմանադրական առումով նրանք զրկվել են այդ ժողովրդին ներկայացնելու
իրավունքից։
«Կա՛մ նրանք պետք է առաջարկեն այլ միջոց՝ իրենց իսկ տված խոստումներն
իրականացնելու ուղղությամբ, կա՛մ պետք է հեռանան ամենաուղիղ և պարզ ձևով՝ հրաժարական
և հեռացում», – ասել է Արծվիկ Մինասյանը։