Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին՝ ազատել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց
Վաշինգտոնը խորապես մտահոգված է Toplum TV անկախ լրատվամիջոցի, ինչպես նաև անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներո. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
ԱՄՆ-ը հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել իրենց հիմնարար ազատություններն իրականացնողների նկատմամբ հետապնդումները և կոչ արել ազատ արձակել այն անձանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով պահվում են անազատության մեջ։
«Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ պատասխանատվության՝ խոսքի ազատության իրացման համար», – ասել է Միլլերը։
Երեկ Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին: Toplum TV-ն առցանց հեռուստատեսություն է, որը հայտնի է իր անկախ դիրքորոշմամբ:
Իրավապահները պնդում են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ Toplum TV հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արևմտյան կազմակերպությունների կողմից:
Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին և անկախ լրագրողներին ահաբեկելու և լռեցնելու քաղաքականությունը։