Ես Բրյուսելում զինամթերքի սեփական պահեստ չունեմ․ Բորելը՝ Ուկրաինային զենքի մատակարարումը ավելացնելու մասին
ԵՄ դիվանագիտության
ղեկավար Ժոզեպ Բորելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,որ ինքը Բրյուսելում զինամթերքի
սեփական պահեստ չունի։ Այսպես նա պատասխանել
է հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք գնահատում
մինչև տարեվերջ Ուկրաինային մեկ միլիոն միավոր զինամթերք տրամադրելու ծրագիրը, որը
նախապես համաձայնեցվել էր։
«Ես ոչ սեփական զինամթերք
ունեմ Բրյուսելում, ոչ էլ զինամթերքի պահեստ։ Ես պետք է մոբիլիզացնեմ եվրոպական բանակների
զինամթերքի պահեստներում եղածը։ Մենք արդեն ավարտել ենք պահեստներում եղած զինամթերքի
մատակարարումը, տրամադրել ենք 300 000-ից ավելի զենք-զինամթերք, ինչը վատ ցուցանիշ
չէ։ Եղած պաշարից ավելի շատ տրամադրելը բարդ
է։ Այժմ պետք է կազմակերպենք մատակարարումը արտադրողներից, իսկ զինարտադրությունը կապված
է պայմանագրերի հետ, պայմանագրերն էլ՝ ԵՄ անդամ երկրների կողմից ֆինանսավորման»,- ասել
է Բորելը։
Նա հավելել է, որ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունն
իր արտադրանքի մոտ 40%-ն արտահանում է երրորդ երկրներ, «հավանաբար, զենքի արդյունաբերությամբ
զբաղվող ընկերություններն ավելի շատ հետաքրքրված են այլ երկրների շուկաներով», ուստի,
ըստ Բորելի, պետք է երկխոսություն ծավալվի քաղաքական գործիչների և զենք արտադրողների
միջև, որպեսզի հնարավոր լինի պայմանավորվել՝ արտադրված զենքի մատակարարման «առաջնային
ուղղություն դիտարկել Ուկրաինան»։