ABCMEDIA
Ալիևը պահանջում է, Փաշինյանը՝ մտածում՝ ինչպես արդարացնի այդ պահանջների կատարումը․ Արթուր Խաչատրյան

Ալիևը պահանջում է, Փաշինյանը՝ մտածում՝ ինչպես արդարացնի այդ պահանջների կատարումը․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը նոր պատերազմի շանտաժ է անում՝ իր զիջողական քաղաքականությունն արդարացնելու նպատակով, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է՝ պատերազմի վտանգը կա, քանի դեռ դիմացինը թույլ է ու պատրաստ է զիջել։

«Եթե դու ասում ես՝ գյուղերն ադրբեջանական են, Ադրբեջանն էլ կառիթավորվի, կասի՝ տուր, թե չէ պատերազմ կսկսենք: Որպեսզի Ադրբեջանը պատրվակներ չգտնի, դու պետք է ունենաս ուժեղ բանակ, իսկ մենք տեսնո՞ւմ ենք բանակի հզորացման քայլեր․ ոչ մի բան չենք տեսնում»,-ասել է Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ՝  Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե   դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց է, այլ թշնամու պահանջ ու այդ պահանջի իրականացում։

«Ալիևը պահանջում է, Փաշինյանը մտածում է՝ ինչպես արդարացնի այդ պահանջների առաջ ընկրկելը: Նրանք ասում են՝ պետք է տաս, սա էլ գլխիկոր ասում է՝ կտամ ու հիմա փորձում է  երկրի ներսում համոզել, թե  ադրբեջանցիները ճիշտ են: Ուզում է համոզել, թե այդ գյուղերը «Ադրբեջանին են պատկանում»: Ո՞վ  ասաց, ինչի՞ հիման վրա ես նման պնդում անում: Ո՞ր քարտեզով ես առաջնորդվում, որ ասում ես՝ էս գյուղն Ադրբեջանինն է»,- ընդգծել է Խաչատրյանը: