ABCMEDIA
Հայ-թուրքական սահմանի բացման փաշինյանական թեզերը

Հայ-թուրքական սահմանի բացման փաշինյանական թեզերը

Հունաստան կատարած իր այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Katimerini օրաթերթին, որտեղ խոսել էր հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության և դրա տնտեսական օգուտների մասին։ Ըստ Փաշինյանի՝ դրա շնորհիվ տեղի կունենա կոմունիկացիաների ապաշրջափակում, Հայաստանը Թուրքիայով կհասնի Միջերկրական ծով, այնտեղից էլ Հունաստան և Եվրոպա։ Այս ծրագիրը պետք է, որ նպաստի Կովկասից մինչև Միջերկրական ծով կայունությանը և անվտանգությանը, այսինքն, ինչպես Փաշինյանն է սիրում ասել, «Խաղաղության խաչմերուկին»։

 Katimerini օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ բարձրացված թեզերը նոր չեն, և այս իշխանությունների կողմից շրջանառվում են շատ վաղուց։ Դեռևս 2022թ. հունվարի 24-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունների և տնտեսական պոտենցիալի մասին։

Դիտարկելով Նիկոլ Փաշինյանի և, ընդհանրապես, այս իշխանությունների բերած ենթադրյալ օգուտների մասին հայտարարությունները՝ կարևոր է տալ երեք հարցի հստակ պատասխան։ Իրո՞ք այդքան շահավետ է բացել հայ-թուրքական սահմանները։ Հաշվարկե՞լ է կառավարությունը տնտեսական օգուտների և հնարավորությունների հետ մեկտեղ, հավանական վնասներն ու ռիսկերը։ Եվ, արդյո՞ք այս իշխանությունները, օրակարգ բերելով սահմանների բացման թեզը, առաջնորդվում են միայն պետական շահով։

 Վարչապետի աթոռը զբաղեցնողը իր հարացազրույցներից մեկում ասել էր, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը կնպաստի, որ հայկական ապրանքների արտահանումը մեծանա և ավելի ցածր ինքնարժեքով հասնի Եվրոպա։ Իսկ հարցին, թե թուրքական էժան ապրանքները կողողեն հայկական ամբողջ շուկան և կվնասեն ներքին արատադրողին, Փաշինյանը պատասխանում է, որ Հայաստանի պես երկրները պետք է արտահանմանը միտված քաղաքականություն վարեն, այլ ոչ թե մտածեն, առանց այն էլ փոքր շուկան տեղի արտադրողի համար պահելու մասին։ Այստեղ, ամբողջ խնդիրն այն է, որ արտահանմանը միտված քաղաքականություն վարելուց առաջ, հաջողակ և զարգացած երկրները, նախ զարկ են տալիս տեղական արտադրությանը, որ հետագայում իրոք արտահանելու բան լինի։ Սրա մասին է վկայում Չինաստանի, Հարավային Կորեայի, մի շարք ասիական և ոչ ասիական զարգացած երկրների փորձը։ Հայաստանը չունի մեքենաշինական ծանր արդյունաբերություն և սա հայտնի փաստ է։ Իսկ թեթև արդյունաբերական և գյուղատնտեսական  ապրանքները, անգամ չեն բավարարում ներքին շուկայի պահանջարկը։  Ստացվում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, թեև խոսում են սահմանների բացման շնորհիվ արտահանման ծավալների մեծացման և դրա օգուտների մասին, բայց այդ ապրանքները, որ պետք է արտահանվեն, պարզապես գոյություն չունեն կամ շատ սահմանափակ են։ Բացի արտադրանքի կազմակերպումը, պետությունը պետք է հաշվի առնի, թե որ  շուկայում են հետաքարքրված իր ներքին արտադրանքով և, որտեղ իր ապրանքը կարող է մրցունակ լինել։ Տվյալ պարագայում Փաշինյանը հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը պայմանավորում է Եվրոպական շուկա դուրս գալով։ Հարկ է համեմատականներ անցկացնել Մոլդովայի նախկին իշխանությունների հետ, որոնք, ևս շեշտը դնելով եվրոպական շուկայի վրա, հաշվարկել էին, որ միայն գինի արտահանելով, կունենան տնտեսական մեծ շահույթ։ Սակայն, երբ մոլդովական գինին դուրս եկավ Եվրոպական շուկա, պարզվեց, որ դրա պահանջարկը չկա։ Եվ, այս լուրջ բացթողման պատճառն այն էր, որ մոլդովական իշխանությունները, տարված լինելով եվրոպական երազանքներով, չէին նկատել, որ գինի և այլ ալկոհոլային խմիչքներ արտահանող այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, արդեն գրավել էին եվրոպական շուկան։ Այս պատճառով էլ, պրագմատիկ և հաջողակ կառավարությունները, բացի արտահանման խթանումից, նպաստում են համապատասխան ուղեղային կենտրոնների ստեղածմանը և վերլուծական աշխատանքներին։ Մոլդովայի դեպքում, պարզունակ  SWOT վերլուծությունը, որտեղ հաշվի են առնվում, ինչպես հնարավորությունները և օգուտները, այնպես էլ ռիսկերն ու վնասները, հնարավորություն կտար խուսափել սխալից՝ ամբողջ շեշտը չդնելով միայն եվրոպական շուկայի վրա։ Իսկ, ի՞նչ ճանապարհով են շարժվում Հայաստանի ներկայիս իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանների բացման հետևանքով հնարավոր է, որոշ սեգմենտների արտադրական ապրանքներ մրցունակությունը կորցնեն, բայց կարող են նորերը առաջանալ։ Այսինքն, ինչպես Մոլդովայի դեպքում էր, ամենը միայն ենթադրությունների մակարդակով է։ Այստեղ գալիս է երկրորդ հարցի պատասխանը․  կառավարությունը և դրա գլուխը չունեն օգուտների, հնարավոր հեռանկաների, վնասների մասին հստակ վերլուծական ուղենիշներ և հետաքրքրված էլ չեն դրանով։

Երբ խոսում ենք հայ-թուրքական սահմանի բացումից, տնտեսական հարցերից բացի առաջին պլան են մղվում նաև անվտանգային խնդիրները, որոնց մասին կառավարությունը ընդհանրապես չի խոսում։ Օրինակ, սկսած Նիկոլ Փաշինյանից, իշխանական ոչ մի ներկայացուցիչ չի խոսում Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու և սահմանները բացելու սիրիական տխուր փորձից։ Ոչ ոք չի ասում, որ երբ Սիրիան ականազերծեց և բացեց սահմանը Թուրքիայի հետ, հետագայում Անկարան դա օգտագործեց իրեն հավատարիմ զինյալ խմբավորումներ այնտեղ տեղափոխելու, երկիրը ապակայունացնելու և կանտրաբանդայի համար։ Իսկ Հայաստանը պատրա՞ստ է այդ մարտահրավերներին, չէ որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան, որպես գործընկեր այնքան էլ վստահելի չի։

Դատելով այս իշխանությունների գործելաոճից՝ սահմանների բացման թեզերը առաջ են մղվում առանց պետական և ազգային շահը հաշվի առնելու։ Պարզապես, Փաշինյանին և իր կառավարական խմբակին ՆԱՏՕ-ի և Եվրամիության տարբեր պաշտոնյաների մակարդակով ազդակներ է հասել, որ արևմտյան աջակցություն ստանալու համար պետք է բացել ուղղահայաց կոմունիկացիաները Թուրքիայի հետ։

Որոշ տեսաբաններ ողջունում էին Փաշինյանի, այսպես կոչված, արևմտյան ուղվածությունը։ Նրանք պնդում էին, որ Արևմուտքը սուր հակադրության մեջ է ռուս-թուրքական տանդեմի հետ։ Իսկ հիմա ստացվում է, որ Արևմուտքը Հայաստանի Եվրոպական ապագան տեսնում է Թուրքիայում։ Բայց Հայաստանը չի կարող ունենալ ապագա մի երկրի հետ, որ բացահայտ հակահայ ու թշնամական քաղաքականություն է վարում։ Մեր շահերից չի բխում կանգնել ոչ այնքան հաջող դաշնակցի ու իրական թշնամու միջև երկընտրանքի առջև։ Եվ վերջում այս իշխանությունների անձնական շահերի ու քմահաճույքի պատճառով ընտրել թշնամուն։ Հայաստանը հնարավորություն ունի վարելու իրական ազգային, պետական շահերից բխող քաղաքականություն։ Բայց միայն այն դեպքում, երբ հայ ազգը մերժի այս իշխանությունների դատարկ թեզերը և ձևավորի նոր պետականամետ կառավարություն։

Աշոտ Բարեքյան