ABCMEDIA
Թող որևէ մեկը ներկայացնի որևէ ողջամիտ ապացույց, թե ինչպես եմ ես ՀՀ իշխանությունների ազդեցության տակ և ես կդադարեցնեմ իմ գործունեությունը․ Արտակ Բեգլարյան

Թող որևէ մեկը ներկայացնի որևէ ողջամիտ ապացույց, թե ինչպես եմ ես ՀՀ իշխանությունների ազդեցության տակ և ես կդադարեցնեմ իմ գործունեությունը․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի նաաախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է․

«Արդեն որերորդ անգամ է, ինչ տարբեր լրատվամիջոցներ ու բլոգերներ հրապարակումներ են անում և ինձ ու Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությանը խիստ անհիմն կերպով «կապում» են ՀՀ իշխանությունների հետ: Հատկանշական է, որ իշխանական քարոզչամեքենան էլ մեզ «կապում» է ընդդիմության հետ:

Այնինչ, իրականում ոչ մի քաղաքական ուժի հետ կապ ու կախվածություն չունենք. նրանք փաստորեն ի վիճակի չեն հասկանալ, որ մենք կարող ենք պարզ ու ազնիվ մղումներ ունենալ՝ օգնելու մեր ժողովրդին: Ամեն մեկն իր արշինով է չափում դիմացինին…

Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ նախընտրում են հրապարակել կոնկրետ անձանց նեղ անձնական շահերն ու մտամոլորությունները սպասարկող չհիմնավորված կարծիքները՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու: Երկար ժամանակ է, ինչ տարբեր շրջանակներ անընդհատ իմ դեմ կեղծ տեղեկություններ են տարածում՝ հարվածի տակ դնելով իմ բարի համբավը և  դրանով՝ իմ հանրային գործունեության արդյունավետությունը: Թո՛ղ որևէ մեկը ներկայացնի որևէ ողջամիտ ապացույց, թե ինչպես եմ ես ՀՀ իշխանությունների ազդեցության տակ կամ ինչպես եմ սպասարկում նրանց օրակարգը, և ես ներողություն կխնդրեմ ու կդադարեցնեմ իմ հանրային գործունեությունը: Նույնը մնացած զրպարտություններին է վերաբերում՝ ինչ-որ արտաքին ուժերի, կոռուպցիայի և այլ հորինվածքների մասին:

Ազնիվ ու օբյեկտիվ մարդը, մեղադրանքներ հնչեցնելուց առաջ, պետք է պարզապես ստուգի փաստերը և դիմացինի գործունեության մանրամասները՝ հետո իրեն իրավունք վերապահի որևէ բացասական կարծիք հնչեցնել ու հրապարակել:

Իշխանությունների ազդեցության տակ գտնվող անձը կամ խումբը արդյոք նման կոշտ քննադատություններով հանդես կգա՞, արդյոք Արցախի պետական մարմինների հետ կքննարկի՞ իրենց մոտեցումները և հրապարակային պահանջների մեջ կներառի՞ Արցախի պետական մարմինների հետ հաշվի նստելու դրույթը, արդյոք մեր դեմ իշխանությունները ճնշումներ ու հետապնդումներ կսկսեի՞ն, արդյոք մեզ ցուցադրաբար կանտեսեի՞ն և հանրային քննարկումները կանեին առանց մեզ ու ԱՀ պետական մարմինների՞, և այլն, և այլն:

Պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու անձանցից իմ մասին տեղեկություններ ու կարծիքներ հրապարակելուց առաջ ինձնից ևս կարծիք վերցնել և զերծ մնալ անապացույց պնդումներից: Եթե այս կեղտոտ արշավը շարունակվի, ես ստիպված եմ լինելու դիմել իրավական գործիքակազմերի կիրառման և հասնել զրպարտիչների իրավական պատասխանատվության, որքան էլ հրապարակումներ կատարողները փորձում են օգտվել իրավական բացերից:

Հ.Գ. -Ի՞նչ ունեք ինձ հետ կիսելու, եթե ոչ մեկի հաշվին չեմ իմ հանրային գործունեությունը ծավալում և առանց որևէ անձնական շահի ու վարձատրության անխոնջ կերպով փորձում եմ իմ ծառայությունը բերել Հայրենիքին ու ժողովրդին: Թե՞ Ձեզ համար խորթ է, որ մարդը ազնիվ մղումներով փորձում է ծառայել այլոց ու իր արժեքներին՝ առանց որևէ տողատակի ու հետին մտքի»: