
ԱՆ նորանշանակ փոխնախարար Լևոն Հակոբյանի նշանակումը ներկա և նախկին նախարարների հակասության արդյու՞նքն է
Լևոն Հակոբյանը նախկինում պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, բայց կյանքում պատահում են, որ մարդիկ որոշում են վերադառնալ նախկին աշխատանքին։ Հակասության հարց չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ինչպես գիտեք՝ վերջերս պարոն Հակոբյանը իմ խորհրդականն էր ու հաշվի առնելով փորձառությունը, գիտելիքները, հասկացել ենք՝ դրանք մեզ անհրաժեշտ են»,- ասել է նախարարը։
Լևոն Հակոբյանին փոխնախարար նշանակելու պատճառը իրո՞ք դա էր, թե՞ Արսեն Թորոսյանին ցավացնելու համար եք արել՝ հարցնում է լրագրողը։
«Ընդհանրապես ես առաջնորդվում եմ իմ օրակարգով, այսինքն՝ առողջապահության համակարգի բարելավման ու բարեկարգման օրակարգով։ Արսեն Թորոսյանի՝ ինձ թիրախավորելն էլ չեմ նկատել»,- ասել է Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ 2019 թվականին Լևոն Հակոբյանը ազատվել էր Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Այդ ժամանակ նախարարը Արսեն Թորոսյանն էր։