Պոմպեյում հայտնաբերվել է Տրոյական պատերազմին նվիրված որմնանկարներով սենյակ
Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տարածքում իրականացված պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են սև պատերով հանդիսությունների սրահ՝ զարդարված Տրոյական պատերազմի թեմայով որմնանկարներով, հայտնում է Reuters-ը։
Հայտնաբերված տարածքն ունի մոտ 15 մետր երկարություն և 6 մետր լայնություն։
«Մայրամուտից հետո մարդիկ հավաքվում էին ընթրիքի, իսկ նավթի լամպերի թարթող լույսը կենդանացնում էր պատկերները՝ հատկապես մի քանի բաժակ գինի խմելուց հետո», – ասում է Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը:
Որմնանկարներից մեկում պատկերված են Պարիսն ու Հեղինեն, որոնց սիրավեպը, ըստ հին հունական դիցաբանության, պատճառ դարձավ Տրոյական պատերազմի։
Մեկ այլ նկարում պատկերված է Կասանդրան և Ապոլոն աստվածը։ Կասանդրան կանխագուշակեց պատերազմը՝ ստանալով հեռատեսության շնորհը։ Բայց ոչ ոք չհավատաց Կասանդրային Ապոլոնի կողմից դրված անեծքի պատճառով, քանի որ նա մերժել էր նրան:
Պոմպեյը կործանվել է մ.թ. 79 թվականին՝ Վեզուվ հրաբուխի ժայթքման հետևանքով՝ թաղվելով հրաբխային մոխրի տակ։