Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություններ կան․Կլաար
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու հնարավորություններ կան: Ադրբեջանական Report-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մամուլի ծառայությունից։
Նշվել է, որ ԵՄ-ն ողջունում է կողմերի միջև այս հարցի վերաբերյալ տեքստերի նախագծերի մշտական փոխանակումը, այդ թվում՝ Երևանի կողմից Բաքվին ուղարկված վերջին առաջարկները։
«Մենք մշտական կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Կարծում ենք, որ կողմերի միջև մի քանի տարվա բանակցություններից և քննարկումներից հետո, հատկապես ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ, ի հայտ են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու տարրեր»,- ասվում է Կլաարի պատասխանում։
Հարցին՝ առաջիկայում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելելո՞ւ է Հայաստան և Ադրբեջան՝ նշվել է, որ Տոյվո Կլաարը հաճախ է այցելում տարածաշրջան և կշարունակի այցելել՝ նպաստելու կարգավորման գործընթացին և խաղաղության օրակարգին։