25 Դեկ
2024
6.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը սադրանք էր՝ շարժումն ու Սրբազանին վարկաբեկելու նպատակով. Արմեն Մանվելյան

ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը սադրանք էր՝ շարժումն ու Սրբազանին վարկաբեկելու նպատակով. Արմեն Մանվելյան

Տեսանյութերում էլ պարզ երևում է, որ եղել է սադրանք, բայց եղել է շարքի վերջից, շշեր են նետել, բայց նրանք, ովքեր շարքի վերջից պրոֆոկացիա էին անում, չեն ձերբակալվել. ABC media-ի հետ զրույցում ասել է  «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը:

«Ձերբակալվածներն առաջին շարքում կանգնածներն են, ուղղակի շփվում էին ոստիկանների հետ և տեսնում էին, որ նրանք ոչինչ չեն արել: Կեղծ մեղադրանք են առաջադրել: Մի մարդու տարան, որը պարզապես փորձում էր հանգստացնել, քանի որ ոստիկաններն իրենց վայրագ էին պահում և հարձակվել էին կանանց վրա: Այժմ, կարծես, քրեական գործ են հարուցում նաև նրա դեմ»,-պատմել է դեպքի ականատես Մանվելյանը:

Նրա համոզմամբ՝ տեղի ունեցածը կազմակերպված սադրանք էր՝ շարժումն ու Սրբազանին վարկաբեկելու համար:

«Տեսանյութերում պարզ երևում է, որ եթե մեկը չարաշահել է իշխանությունը, ոստիկաններն էին,  որոնք հարվածում էին, անգամ այն դեպքում, երբ մարդն առանց դիմադրելու գնում էր»,-ասել է նա:

Անդրադառնալով ՆԳ և ԱԳ նախարարների՝ Սրբազանի հետ հանդիպումից հրաժարվելուն՝ Մանվելյանն ասել է. «Մենք գործ ունենք մի քաղաքական ռեժիմի հետ, որի նախարարներին անգամ նախարար կոչել չի կարելի, այս մարդիկ գործող քաղաքական ռեժիմի պարագլխի հարճերն են: Այդ կարգավիճակն ունեցող մարդը չի կարող գնալ հանդիպման՝ մինչև շեֆը թույլ չտա: Այս մարդիկ ինքնուրույն գործելու հնարավորություն չունեն»: