27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը

Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը:

Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը:

Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին:Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է: